ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՄԱԶԾ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով իրականացվող ծրագրերի կարևոր դերը Հայաստանի տնտեսության զարգացման և կառուցվածքային բարեփոխումների խթանման գործընթացում։ Կարևորվել են հատկապես ՄԱԶԾ-ի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը պետական շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ոլորտում, այդ ծրագրերի հաջող ընթացքն ու երկարաժամկետ համագործակցության հեռանկարները։
Նախարարը ներկայացրել է 2026 թվականի պետական բյուջեի նախագծման հիմնական մոտեցումները, ինչպես նաև երկրի տնտեսական զարգացման կանխատեսումները՝ առանձնացնելով ֆինանսական քաղաքականության կայուն և ռազմավարական ուղղությունները։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ամրապնդելու գործընկերային հարաբերությունները և ընդլայնելու համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter