Քանդակը դրեց սեղանին ու ասաց՝ վե՛րջ մամ, սա վերջն է․ Նունե Գրիգորյան․ «Կյանքին ասել այո՛»

Դեռ մանկության տարիներից նա ստեղծագործում էր առանց սահմանների։ Մայրը՝ Նունեն պատմում է, որ տան պատերը, դռները, առօրյա առարկաները Մորիսի համար վերածվում էին երևակայական աշխարհի նյութական արտահայտությունների։ Ստեղծագործում էր ամենուր, արվեստ էր ստեղծում ամեն ինչից։ Իսկ ծնողները չէին սահմանափակում, երբ տան դաշնամուրն էր անգամ նկարազարդում ու ստեղներից շախմատի քանդակազարդ  քարեր ստեղծում։

Մորիսին խորթ էր ակադեմիական մտածողությունը, բայց հեշտությամբ յուրացրեց այն, ինչ անհրաժեշտ էր ամենաբարձր գնահատականներով Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա ընդունվելու համար։ Ընդունվելուց ամիսներ անց՝ 2020-ին զորակոչվեց բանակ։ Ծառայում էր Մարտակերտի շրջանում, որտեղ էլ 2020-ի սեպտեմբերի 27-ին դիմավորեց պատերազմը։ 2020-ի հոկտեմբերի 29-ը քանդակագործ-նկարիչ Մորիս Գրիգորյանի համար վերջինն էր, զոհվեց Ճարտարում անօդաչուի հարվածից։

«Տասներկու տարեկան էր, քանդակեց «Կուլմինացիան»․ գլխիկոր տղան՝ բաց դաշտում բազմաթիվ ասեղներով շրջապատված։ Դրեց սեղանին ու ասաց՝ վե՛րջ մամ, սա վերջն է։ Ասացի՝ ինչպես թե՝ վերջն է, չէ՛, ինչո՞ւ պիտի վերջն այսպես լինի, ու հրեցի աշխատանքը։ Ուսերը թոթվեց ու գնաց։ Հետո, երբ պատմում էին վերջին մարտի ու Մորիսի վիրավորվելու մասին, այդ տեսարանը չափազանց նման էր տասներկու տարեկանում ստեղծած նրա «Կուլմինացիա» քանդակին»,-պատմում է Մորիսի մայրը։  

Ապրած ընդամենը տասնութ տարիների ընթացքում Մորիս Գրիգորյանը թողել է հարուստ ստեղծագործական ժառանգություն, որը ներկայացնելը եղբոր ու ծնողների համար պատերազմից հետո դարձավ նպատակ ու Մորիսից հետո կյանքը իմաստավորելու հնարավորություն։ Մորիսի աշխատանքները ներկայացվել են տարբեր ցուցահանդեսներում։ Վերջինը բացվեց սեպտեմբերի 20-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանում, որտեղ էլ զրուցել ենք Մորիսի մայրիկի՝ Նունե Գրիգորյանի հետ։

Leave a Comment