Սեպտեմբերի 30-ը ՀՀ ավիացիայի օրն է։ Հայաստանի օդային տարածքից առաջին թռիչքը տեղի է ունեցել 1933 թ․ Երևան-Թբիլիսի-Երևան ուղղությամբ։ Այսօր նոր ուղղությամբ թռիչք է կատարվել Գյումրու «Շիրակ» միջազգային օդանավակայանից. Wizz air ընկերությունը գործարկել է Լառնակա-Գյումրի-Լառնակա չվերթը։
Առաջին անգամ Գյումրիից կանոնավոր չվերթ կա դեպի ԵՄ անդամ երկիր՝ Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` իրադարձությունը նշանակալի որակելով։ Չնայած հաջողություններին՝ ոլորտում նաև լուծումների սպասող խնդիրներ կան․ Հայաստանը արդեն 5-րդ տարին շարունակում է ԵՄ ավիացիոն սև ցուցակում մնալ։
1972 թ․ նոյեմբերից Կամո Քոչարյանն աշխատում է Կապանի օդանավակայանում։ Կարգավար է։ Ասում է՝ եղել են ժամանակներ, երբ Կապանից ինքնաթիռներն անգամ Սոչի էին թռչում։
Օդանավակայանի աշխատանքը դադարեցվեց 1992-ի ապրիլի 24-ին․ պատերազմ էր, աշխատակիցներից շատերը ռազմական գործողություններին էին մասնակցում։
«Մինչև վերաբացվելը դիմել էի ղեկավարությանը՝ ասելով, որ ինձ ընդունեն գործի․ դե տարիքս արդեն մեծ է, բայց ընդառաջեցին ու վերցրին աշխատանքի։ Ռայկոմի ղեկավարից սկսած տեսել եմ»։
Հայաստանում քաղավիացիայի ստեղծման պատմությունը սկսվում է 1933 թ․ սեպտեմբերի 30-ից, երբ տեղի է ունենում առաջին՝ Թբիլիսի-Երևան չվերթը։ Տասնամյակների ընթացքում ավիացիան զարգացման տարբեր փուլեր է անցել՝ ոչ միայն հաջողություններ, այլև անհաջողություններ գրանցելով։
Այս փուլի խնդիրներից լրջագույնը արդեն հինգ տարի ԵՄ ավիացիոն սև ցուցակ ընդգրկված լինելն է։ 2019-ին Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալության մասնագետները եկել էին Հայաստան՝ ուսումնասիրելու կոմիտեի աշխատանքը։ Դրանից մի քանի ամիս անց՝ արդեն 2020-ին, հայտնաբերված խնդիրների պատճառով Հայաստանը հայտնվեց սև ցուցակում։ Սահմանափակումը վերաբերում էր տեղական բոլոր ավիաընկերություններին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի վստահեցմամբ՝ սև ցուցակից դուրս գալու ուղղությամբ լուրջ քայլեր են արվել։
«Անցյալ տարի դիմել էինք ԵՄ գործընկերներին, որ Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության փորձագետները նորից գան ու աուդիտ անցկացնեն։ Պահանջեցին համապատասխան փաստաթղթեր, թե ինչ է արվել, ինչպես են շտկվել հայտնաբերված խնդիրները՝ օրենսդրական ու գործառնական առումով»։
Սեպտեմբերի 1-ից 5-ն աուդիտն արդեն անցկացվել է։ Եզրակացությունը կհրապարակվի առաջիկայում։ Այդ արդյունքներից պարզ կլինի՝ Հայաստանը լքում է սև ցուցակը, թե շարունակում է մնալ այնտեղ։ Մինչև այդ՝ հայկական փոխադրողները դեպի ԵՄ տարածք թռիչքները շարունակում են՝ այլ ավիաընկերությունների օդանավեր օգտագործելով։ Միջազգային թռիչքներ այս պահին կատարվում են Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայաններից։
Եթե մինչև վերջերս Գյումրուց թռիչքների հիմնական ուղղությունը ՌԴ-ն էր, ապա երթուղային ցանցին ավելացել է Լառնակա-Գյումրի-Լառնակա ուղղությունը։ Թռիչքները կատարելու է Wizz air ընկերությունը։
Առաջին անգամ Գյումրուց կանոնավոր չվերթ կա դեպի ԵՄ անդամ երկիր՝ Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մոտ երկու ամիս առաջ կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության օդային ճանապարհով ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը։ Դրա ընդունումը, ըստ գործադիրի, պայմանավորված էր օդային ճանապարհով ժամանող ուղևորների թվի ավելացման, դեպի ՀՀ և ՀՀ-ից չվերթերի աշխարհագրության ընդլայնման և մատչելի ավիափոխադրումների ապահովման անհրաժեշտությամբ: Ծրագիրը ֆինանսական աջակցություն է նախատեսում այն ավիաընկերությունների համար, որոնք չվերթեր կապահովեն մինչև օրս չսպասարկված ուղղություններով։
Պարտադիր պայման է, որ շահառու ընկերությունը մեկ նոր ուղղությամբ ուղևորափոխադրում կատարի դեպի Գյումրու օդանավակայան:
«Նոր ուղղություններով թռիչքների դեպքում կառավարությունը պատրաստ է սուբսիդավորելու՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի դեպքում մեկ ուղևորի դիմաց՝ 20 հազար դրամ, Գյումրուց՝ 15 հազար դրամ»։
Տեղական ավիաընկերությունները ծրագրին առնչվող մտահոգություններ ունեն․ կարծում են, որ անհավասար պայմաններ են ստեղծվում տեղական և միջազգային փոխադրողների համար։ Փոխնախարարն ասում է՝ ծրագրից կարող է օգտվել յուրաքանչյուր ավիաընկերություն։ Ընդ որում՝ տեղական ավիաընկերություններն առավելություններ ունեն՝ ըստ Արմեն Սիմոնյանի․
«Բազավորման խնդիր չկա։ Ավիաընկերությունն այստեղ օդանավ շահագործողի թույլտվություն ունի։ Միակ պահանջը նոր ուղղությամբ թռչելն է, ևս մեկ չվերթ պետք է Գյումրուց կատարեն»։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից, կիսամյակային տվյալներով, տեղական ու արտասահմանյան փոխադրողները 18․670 չվերթ են կատարել։ Այդ ընթացքում օդանավակայանը սպասարկել է 2 մլն 400 հազար քաղաքացու։ Գյումրուց մեկնել ու ժամանել է ավելի քան 40 հազար մարդ։