«Վալենսիան» հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի մասին ֆիլմ նկարահանած ընկերությունների, հայտնում է AS-ը:
Մայիսի 15-ին Netflix-ը թողարկել էր Dance, Vini անունը կրող ֆիլմը, որը ներկայացնում է ֆուտբոլիստի գրանցած հաջողությունները և կյանքի մարտահրավերները:
Ներկայացված հիմնական խնդիրներից է Իսպանիայում Վինիսիուսի պայքարն ընդդեմ երկրպագուների ռասիստական արտահայտությունների: Ֆիլմում կարևոր հատված է 2023 թվականին կայացած «Վալենսիա» – «Ռեալ Մադրիդ» խաղը, որի ընթացքում հակառակորդ թիմի երկրպագուները վիրավորել էին բրազիլացուն:
Այս ամենի վերաբերյալ «Վալենսիան» դատական հայց է ներկայացրել քաղաքի առաջին ատյանի դատարան՝ ընդդեմ Netflix-ի և Conspiracao Filmes պրոդյուսերական ընկերության: Ակումբը պահանջում է ֆինանսական փոխհատուցում:
Ավելի վաղ «Վալենսիան» գրավոր դիմումով Netflix-ին խնդրել էր շտկումներ կատարել ֆիլմում, բայց քանի որ արձագանք չի եղել, ակումբը որոշել է հարցը լուծել դատարանում: