Ֆրանսիացի ընտրողների ավելի քան մեկ երրորդը պատրաստ է քվեարկել «Ազգային միավորման» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Մարին Լը Պենի օգտին 2027 թվականի նախագահական ընտրություններում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ֆրանսիական հասարակական կարծիքի ինստիտուտ Ifop-ի կողմից անցկացված հարցմանը։
Հարցվածների 35 %-ը մտադիր է քվեարկել Լը Պենի օգտին առաջին փուլում։ «Ազգային միավորման» առաջնորդ Ժորդան Բարդելան կարող է ստանալ ձայների 33%-ը, եթե Լը Պենը չկարողանա առաջադրվել։
Լը Պենը և Բարդելան զգալիորեն առաջ են նախագահական դաշինքի թեկնածուներից, այդ թվում՝ նախկին վարչապետներ Էդուարդ Ֆիլիպից (19%), Գաբրիել Ատալից (10%) և Ֆրանսուա Բայրուից (3%)։ Հարցումը ցույց է տալիս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմնակիցների թվի զգալի անկում 2022 թվականի նախորդ ընտրությունների արդյունքների համեմատ: Ֆրանսիայի սահմանադրության համաձայն՝ Մակրոնը չի կարող վերընտրվել իր երկրորդ ժամկետի ավարտից հետո։
Սոցիոլոգների կարծիքով՝ ընտրողների տրամադրվածության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Ֆրանսիայի արդարադատության համակարգի կողմից Լը Պենի դեմ ձեռնարկված ճնշումները չեն խաթարել նրա կողմնակիցների՝ ընտրություններում նրան աջակցելու վճռականությունը։
Մարտի 31-ին Փարիզի դատարանը Լը Պենին դատապարտել էր չորս տարվա ազատազրկման խորհրդարանական օգնականների գործով, որոնցից երկուսը նա պարտավոր կլինի կրել էլեկտրոնային շղթա (մյուս երկու տարին պայմանական են): Դատարանը նաև արգելել է նրան զբաղեցնել ընտրովի պաշտոններ և մասնակցել ընտրություններին հինգ տարի ժամկետով: Այս միջոցը, ի տարբերություն ազատազրկման, ուժի մեջ է մտել անմիջապես և կարող է չեղյալ հայտարարվել միայն հաջող վերաքննիչ բողոքարկման դեպքում: Փարիզի դատարանի վճիռը Լը Պենին արգելում է առաջադրվել նախագահի պաշտոնում 2027 թվականին և մասնակցել խորհրդարանական ընտրություններին Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) վաղաժամկետ լուծարման դեպքում:
Լը Պենը վերաքննիչ բողոք է ներկայացրել ավելի բարձր դատական ատյան:
