Քաղաքապետարանը ԿԳՄՍ-ի հետ չի քննարկել հեռախոսներն արգելող նախագիծը

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակել բջջային հեռախոսների և էլեկտրոնային այլ սարքերի օգտագործումը դպրոցներում։ Այս հարցը քննարկվել է քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Ըստ առաջարկի՝ 1-ինից 6-րդ դասարանցիներին արգելվելու է դասաժամերին, միջոցառումներին և նույնիսկ դասամիջոցներին միացրած հեռախոս ունենալ։ Անհրաժեշտության դեպքում աշակերտը կարող է դպրոց տանել, սակայն դասի սկզբում պետք է հանձնի դասղեկին։ 7-րդից 12-րդ դասարանների համար նախատեսվում է սահմանափակ օգտագործման կարգ։ Սահմանափակումները վերաբերում են ոչ միայն հեռախոսներին, այլև պլանշետներին, խելացի ժամացույցներին և թվային այլ սարքավորումներին։

ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է, որ քննարկվող նախագիծը հակասում է նախարարության որդեգրած քաղաքականությանը, բացի այդ՝ քաղաքապետարանը ոլորտի պատասխանատուների հետ այն նախապես չի քննարկել։

Դասագրքերում QR կոդերի հայտնվելուց հետո 6-րդ դասարանցի Սառա Մկրտչյանի կյանքը մի քանի անգամ բարդացել է․

«Մի օրինակ բերեմ, անգլերենի մեր գրքում կա խնդիր՝ լսիր այս QR կոդը և պատասխանիր հարցերին: Մի աղջիկ անգլերեն արագ-արագ խոսում է, մենք չենք հասկանում՝ ինչ է ասում, պետք է դնենք, հետ տանք, նորից լսենք։ Ավելի լավ է, որ այդ նույնը գրված լիներ տեքստով, ինչպես ուրիշ տեքստերը»։

Սառան 11 տարեկան է, հեռախոս չունի, դասագրքերի QR կոդերը բացում է մայրիկի հեռախոսով։ Կարծում է, որ երեխաները համացանցից չպետք է օգտվեն ոչ միայն դպրոցում, այլև տանը։

«Ես նաև մի բան եմ մտածել, որ օրը, օրինակի համար մի քանի ժամ լինի ինտերնետը, հետո միանգամից վերջանա։ Այդ ընթացքում, օրինակ, google-ից ինչ-որ տեղեկություն վերցնեն»։

4-րդ դասարանցի Արսեն Մկրտչյանի կարծիքով՝ QR կոդերով դասագրքերը մի քանի անգամ հեշտացրել են աշակերտների կյանքը․

— Քո կարծիքով՝ ճի՞շտ է, որ դասագրքերում QR կոդեր կան։ 

— Հա։

— Ինչի՞։

— Մենք ավելի հեշտ ենք կարողանում բոլոր դասերը լսել»։ 

Արսենը միշտ հեռախոսով է գալիս դպրոց, բայց վստահեցնում է՝ դասերի ժամանակ չի օգտագործում։ QR կոդերով հանձնարարությունները կամ բացում են ուսուցիչները, կամ հանձնարարում են անել տանը։ Լուսինե Խաչատրյանը, որ երկու դպրոցահասակ երեխաների մայր է, կարծում է, որ դեռ վաղ է գնահատելու՝ QR կոդերով առաջադրանքները լավ, թե վատ ազդեցություն կունենան կրթական համակարգի վրա։ Ասում է, որ դրանք հեշտացնում են նաև ծնողների կյանքը․

«QR կոդերի վերաբերյալ ոչ բացասական կարծիք ունեմ, ինձ թվում է, որ դրանք երեխաների համար մատչելի են դարձնում դասը, որոշ բաներ բացատրում են։  Իհարկե, երբ ծնողը զբաղված է, երեխայի կողքը նստելու ժամանակ չունի,  QR-ից օգտվելը շատ է հեշտացնում»։

Լուսինե Խաչատրյանի երկու երեխաներն էլ հեռախոս ունեն, բայց դպրոց չեն տանում՝ ասում է։ Քաղաքապետարանի որոշմանը, որով առաջարկվում է 1-ինից 6-րդ դասարանցիներին ընդհանրապես թույլ չտալ դպրոցում հեռախոս օգտագործել, իսկ բարձր դասարանցիներին՝ օգտագործել սահմանափակումներով, դեմ չէ, սակայն կարծում է, որ այն հակասում է դասագրքերի QR կոդով առաջադրանքներին։

Նախագիծը քննարկելիս Երևանի քաղաքապետը հայտարարեց՝ այն կուղարկվի շահագրգիռ բոլոր կողմերին, կարծիքները ստանալուց հետո վերջնական տեսք կունենա։ Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը մանրամասնեց առաջարկվող փոփոխությունները․

«Ի՞նչ ենք առաջարկում այս համատեքստում․ առաջինից վեցերորդ դասարանի սովորողներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի, միջոցառումների, դասամիջոցների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված հեռախոսներ, առանձին դեպքերում, երբ երեխան ստիպված պետք է բերի հեռախոսը դպրոց, այն դասերի սկզբին կհանձնի դասղեկին, համապատասխան պահման վայրում կլինի և միայն դասերի ավարտից հետո թույլ կտրվի վերցնել։ Իսկ 7-ից 12-րդ դասարանի դասարանցիների համար առաջարկվում է սահմանափակումներով օգտագործում, ընդ որում, խոսքը միայն հեռախոսների մասին չէ, նաև պլանշետների, խելացի ժամացույցների, բոլոր սարքավորումների մասին է»։

ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը «Ռադիլուրի» հետ զրույցում ասում է, որ քաղաքապետարանը նախարարության հետ նախապես չի քննարկել նախագծի մանրամասները։ Նրա խոսքով՝ այն հակասում է նախարարության որդեգրած այն քաղաքականությանը, որ դպրոցներում դասերը չպետք է կազմակերպվեն միայն թղթային դասագրքերով․

«Եթե քննարկված լիներ, իհարկե, մենք մեր մոտեցումը այդ քննարկումների ընթացքում ևս կհայտնեինք։ Երևի թե գաղտնիք չեմ ասի, որ երեխաները մեծամասամբ անձնական հեռախոսներ ունեն, և այդ անձնական հեռախոսները օգտագործում են շատ ժամանակ նաև ոչ պատշաճ ձևով, և մենք կարծում ենք, որ դպրոցը այն միջավայրն է, որտեղ ուսուցիչը պետք է տիրապետի և երեխաներին էլ պետք է սովորեցնի այսպես կոչված թվային հիգիենան բոլոր առումներով։ Մեր կարծիքով՝ դպրոցից այդ սարքավորումները հանելը ոչ միայն այս հարցը չի լուծում, այլ ավելի է կտրում կրթությունը իրական կյանքից»։

Քաղաքապետարանը քննարկվող նախագծով առաջարկում է հստակեցնել նաև դպրոցներում հեռախոս օգտագործելու դեպքում իրավական հետևանքների հարցը։ Քաղաքապետարանի աշխատակազմի՝ հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանի խոսքով՝ մինչև որոշման՝ ուժի մեջ մտնելը մշտադիտարկում կարվի 10-15 դպրոցում, և առավել առարկայական կդարձնեն որոշման նախագիծը։ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը հակադարձում է՝  նման մոտեցմամբ հավաքված տվյալները չեն կարող ցույց տալ հանրակրթության ոլորտի իրական պատկերը․

«Եթե որոշում պետք է կայացվի, ապա դրա հիմքում իսկապես փաստահեն տվյալներ պետք է լինեն, և ես ավելի քան վստահ եմ, որ 15 դպրոցը բավարար չէ պատկեր ստանալու համար։ Կարծում եմ, որ երկարաժամկետ հետազոտություն է անհրաժեշտ պլանավորել, անհրաժեշտ է հաշվի առնել միջազգային փորձում տեղ գտած շատ տարբեր մոտեցումներ, որոնցում և ունենք լիարժեք թվայնացման օրինակներ և թվայնացումից որոշակի չափով հրաժարվելու մոտեցումներ։ Բայց բալանսավորումը շատ կարևոր է»։

Թամարա Սարգսյանի խոսքով՝ նախարարությունն օրեր անց նախագծի վերաբերյալ կտարածի պաշտոնական դիրքորոշում, սակայն այս պահին էլ ակնհայտ է, որ այն հակասում է նախարարության  քաղաքականությանը։ Զրուցակիցս բացատրում է՝  հանրակրթության պետական նոր չափորոշչի համաձայն՝ սովորողները 2-րդ դասարանից ուսումնասիրում են թվային գրագիտություն և համակարգչային  գիտություն, ինչը նշանակում է, որ այդ տարիքից երեխաները պետք է սովորեն սմարթֆոնից և գաջեթից օգտվելու կանոնները․

«Շատ կարևոր է արձանագրել մի բան, որ հանրակրթության ոլորտում պետական քաղաքականության իրականացման մասով որոշումների կայացման  լիազորություն ունեցող գերատեսչությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է և չի կարող որևէ այլ մարմին իր լիազորությունները գերազանցելով կայացնել այնպիսի որոշումներ, որոնք պետական քաղաքականությանը հակասում են։ Այսինքն՝ մեր միանշանակ դիրքորոշումը սա է լինելու»։

Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Իդա Խաչատրյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում սխալ է համարում գնալ դպրոցներում սմարթֆոններն ու գաջեթներն իսպառ բացառելու ճանապարհով․

«Այսօր՝ մեր ժամանակներում, դժվար է կրթություն իրականացնել միայն թղթային տարբերակով, գրքով, որովհետև ժամանակը առաջ է գնում, սերունդը տեխնիկային է սովոր, դրա համար պետք է բալանսի բերել։ Այսի՞նքն, ի՞նչ անել․ ո՛չ լրիվ սահմանափակել հեռախոսները, ո՛չ էլ ազատորեն թողնել։ Եթե դրա կարիքը լինում է, ուսուցիչը ինքը պետք է որոշի։ Եթե կարիքը կա, հեռախոսները թող թողնի սովորողների մոտ։ Եթե այդ օրը հեռախոս օգտագործելու կարիք չկա, թող հավաքի, մի կողմ դնի, որպեսզի անընդհատ սովորողը, բնականաբար, բոլորս գիտենք, որ այսօր դեռահասների մոտ կախվածություն կա այս հեռախոսներից, պլանշետներից և այլն, ուստի և չափի մեջ։ Եթե անհրաժեշտություն կա՝ թողնել սովորողների մոտ»։

Խաչատրյանը կողմ է նաև, որ  տարրական դասարաններում օգտագործվի  հեռախոս՝ QR կոդով առաջադրանքները կատարելու համար։ Ուսուցչի խոսքով՝ 21-րդ դարում տպագրված դասագիրքը չի կարող ինֆորմացիայի միակ աղբյուրը լինել։ Միակ խնդիրը, որ պետք է լուծեն ուսուցիչներն ու ոլորտի պատասխանատուները, նրա կարծիքով, հեռախոսը դպրոցում այլ՝ ոչ կրթական նպատակներով օգտագործելը բացառելն է։  

Leave a Comment