Հայաստանի և Ադրբեջանի միջև հռչակագրի ստորագրումն ու խաղաղության հաստատումը ոչ միայն ապահովում են կայունություն կամ վերացնում են ԵՄ անմիջական հարևանությամբ առկա «մոխրագույն գոտին», այլև ստեղծում են նոր տնտեսական և առևտրային հնարավորություններ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Լիսաբոնից Երևան. ուրվագծելով լայն հարևանության համար Եվրոպայի ռազմավարությունը» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը, որը տեղի է ունեցել Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում։
«Պատկերացրեք, երբ վերականգնվի երկաթուղային կապը Հայաստանի և Ադրբեջանի միջև, սա կարևոր նշանակություն կունենա ոչ միայն աշխարհի այդ հատվածի համար, այլև շատ ավելի մեծ տարածաշրջանի, այդ թվում՝ ԵՄ-ի համար: Սակայն, կրկին, դրանով չի սահմանափակվում։ Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը հնարավորություն է տալիս տարածաշրջանի երկրներին ամրապնդել իրենց ինքնիշխանությունը, նվազեցնել կախվածությունն այլ խոշոր մայրաքաղաքներից և մեզ հնարավորություն է տալիս ունենալ, օրինակ, առանձնահատուկ արտաքին քաղաքականություն։ Կոնկրետ օրինակ բերեմ․ Հայաստանում մենք Ազգային ժողովում ընդունեցինք օրենք, որը ԵՄ-ին անդամակցությունը դարձնում է կառավարության համար պարտադիր պետական քաղաքականություն։ Այսինքն՝ մեր կողմից կա քաղաքական կամք, կա օրենքով ամրագրված որոշում, և այժմ արդեն ԵՄ գործընկերներն են, որ պետք է իրենց որոշումը կայացնեն»,- նշել է Միրզոյանը։