Փաշինյանը կրկին առաջարկել է հաղորդակցվել «խաղաղ» բառապաշարով, ԵԽԽՎ-ն՝ խոսել Ադրբեջանի հետ նորից գործակցելու մասին

ՀՀ վարչապետին ԵԽԽՎ-ում մոտ մեկ ժամ է հատկացվել ելույթ ունենալու և եվրոպացի պատվիրակների հարցերին պատասխանելու համար։ Փաշինյանն անդրադարձել է կառույցի աջակցությանը Հայաստանում ժողովրդավարության հաստատման և մարդու իրավունքների պաշտպանության գործում։ Առանձնացրել է կառույցի դերը՝ հիշելով ժամանակները, երբ ընդհատակում էր կամ անազատության մեջ։ Կարևորել է «Մարտի 1»-ի գործով ՄԻԵԴ-ի վերջին վճիռը։ Եվրոպական ամբիոնից վարչապետը նաև քաղաքական խնդիրներից է խոսել՝ շարունակելով դեռ ՄԱԿ-ից սկսված հեռակա բանավեճը Ադրբեջանի նախագահի հետ և դիմել է միջազգային հանրությանը՝ խաղաղությանը նպաստելու համար օգտագործելու բացառապես լեգիտիմ և համաձայնեցված բառապաշար։

Ադրբեջանի նախագահից վաշինգտոնյան պայմանավորվածությունները խախտելու համար պարզաբանումների պահանջը, որը Հայաստանի վարչապետը ձևակերպեց միջազգային ամենաբարձր ամբիոններից, դեռ չի նշանակում, որ խաղաղությունը հարցականի տակ է։ ՄԱԿ-ից ԵԽԽՎ մեկնած վարչապետն արդեն Ստրասբուրգում աշխատանքային հանդիպումների ժամանակ պատկերավոր համեմատություն է արել՝ օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները համեմատելով մեկ ամսական ու մի քանի օրական նորածին երեխայի հետ։

«Ասացի՝ մենք մի  լավ ասացվածք ունենք, ասում ենք՝ երեխան հիվանդանալով է մեծանում։ Այս երեխան էլ հիվանդանալու է, մեծանալու, գրիպ է ընկնելու, մրսելու է, ջերմությունը բարձրանալու է, ընկնելու է։ Երեխան ոչ մի անբուրժելի հիվանդությամբ վարակված չէ, ես ձեզ կարող եմ վստահեցնել։ Տպավորություն է, թե մենք ասում ենք՝ էս ինչ լավ է, առիթից օգտվենք։ Քանի որ ուրիշներն էլ են ուզում, որ այդ երեխան մահանա, եկեք մենք մեր ձեռքով սպանենք այդ երեխային։ Լիքը մարդ Հայաստանում և Հայաստանից դուրս շատ ոգևորված է՝ ապացուցելու, թե սա խաղաղություն չէ, սա ընդամենը փուչ հայտարարություն է։ Ես ասում եմ, որ կփորձեմ, կփորձենք ապացուցել հակառակը, և, թույլ տվեք համոզմունք  հայտնել, որ մենք կապացուցենք հակառակը»։   

Արդեն լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ պատվիրակները Հայաստանի վարչապետից հետաքրքրվեցին Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացով, ճանապարհների ապաշրջափակմամբ։

Հայաստանի վարչապետը խիստ զարմացավ, երբ իրեն ուղղված հարցերում ԵԽԽՎ պատվիրակներն օգտագործեցին «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։ Փաշինյանը հարկ համարեց հիշեցնել, որ վաշինգտոնյան պայմանավորվածությունները ծավալուն չեն՝ 1 էջ՝ 5 կետով։ Ասաց՝ դժվար չէր այն ընթերցել հարցեր ձևակերպելուց առաջ։ Հայաստանի վարչապետը պահանջում և ակնկալում է, որ օգտագործվի լեգիտիմ և երկուստեք համաձայնեցված բառապաշարը, քանի որ «Զանգեզուրի միջանցք» տերմինը Հայաստանում ընկալվում է որպես տարածքային նկրտում։

«Որտեղի՞ց այդ արտահայտությունը ձեզ, որտե՞ղ եք կարդացել այդ արտահայտության մասին։ Դուք Վաշինգտոնի համաձայնությունների մասին եք խոսում, բայց օգտագործում եք բառապաշար, որ Վաշինգտոնի որևէ թղթի մեջ չկա, ընդհանրապես չի եղել, և ավելին՝ վնաս է բերում խաղաղության գործընթացին, որովհետև ուղիղ կերպով խախտում է պայմանավորվածությունները և դուրս է օգտագործվող լեգիտիմ բառապաշարից։ Ես նաև դիմեցի կոչով ադրբեջանցի գործընկերոջս, որպեսզի պարզաբանի՝ ի՞նչ նկատի ունի «Զանգեզուրի միջանցք» ասելով, որտե՞ղ է «Զանգեզուրի միջանցքը», քարտեզի վրա պետք է ցույց տալ «Զանգեզուրի միջանցքը», որովհետև եթե պարզվի, որ «Զանգեզուրի միջանցք» ասելով նկատի ունեն Հայաստանի որևէ տարածք, ապա որևէ մեկն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որը ընդունված չէ Հայաստանի Հանրապետության կողմից»։  

Եվրոպացի պատգամավորներին հետաքրքրող հարցերից մեկն էլ վերաբերում էր փախստականների վերադարձին ԼՂ։ ԵԽԽՎ-ում ցանկացան լսել, թե ինչպես է այդ հարցի լուծումը պատկերացնում պաշտոնական Երևանը։ Վարչապետ Փաշինյանը նախընտրեց անկեղծ լինել այդ հարցում․

«Որովհետև մարդիկ պետք է իրենց հեռանկարը և պլանները կառուցեն։ Ես ուղիղ ասում եմ, որ ես դա իրատեսական չեմ համարում և, ընդհանրապես, բոլոր փախստականների վերադարձի թեման ես համարում եմ խաղաղության գործընթացի համար վտանգավոր։ Կոնֆլիկտները, այդ թվում՝ Ղարաբաղի կոնֆլիկտը սկսվել է, թվում է, հումանիտար պարզ հարցերի արծարծմամբ և վերաճել է բոլորին հայտնի երկարատև կոնֆլիկտի։ Այդ հարցի վերաբերյալ մեր ռազմավարությունը ես հրապարակել եմ, և մեր ընկալումն այն է, որ մեր և միջազգային հանրության աջակցությամբ մենք Ղարաբաղի մեր հայրենակիցների ապագան պատկերացնում ենք ՀՀ-ում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ։ Եթե շատ ուղիղ և գուցե ոչ այդքան դիվանագիտական լեզվով ասեմ, Հայաստանն ու Ադրբեջանն առաջիկա տասնամյակներում պետք է պարզապես հանգիստ թողնեն իրար և կենտրոնանան քայլ առ քայլ երկխոսություն կառուցելու վրա»։

Վարչապետը ԵԽԽՎ ամբիոնից եվրոպացի պատվիրակներին նաև փոխանցեց, որ երկրի սահմանադրությունը փոխելու որոշումը ոչ թե Բաքվի պահանջն է, այլ ժողովրդի հարցադրումներին նորովի անդրադառնալու հնարավոր միջոց։

Մինչև Հայաստանի վարչապետի ելույթը՝ ԵԽԽՎ լիագումար նիստում էլի անդրադարձ եղել էր Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը։ Հայկական պատվիրակության անդամ, պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հիշեցրել է օգոստոսի 8-ի վաշինգտոնյան պայմանավորվածությունները, ավելի կոնկրետ՝ սկզբունքները, որոնք պետք է որ գործեն  տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։ Հայ պատգամավորը փոխանցել է իր վստահությունը՝ երբ վերը նշված քայլերը մտնեն իրականացման փուլ, խաղաղությունը  կինստիտուցիոնալացվի, քանի որ, պատվիրակի ձևակերպմամբ, կապվածությունն ու միմյանցից կախվածությունը կստեղծեն փոխշահավետ իրականություն՝ չեզոքացնելով հնարավոր սպառնալիքները։ Բայց սկզբնական փուլում կարևորը վստահության ամրապնդումն է։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը ԵԽԽՎ-ում խոսել է նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակման, ինչպես նաև անհետ կորած անձանց ճակատագրերի մասին․

Նույն խնդրին ուշադրություն է հրավիրել նաև հայկական պատվիրակության ընդդիմադիր գործիչ, «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արմեն Գևորգյանը։

Եվրոպացի պատվիրակներին նա խորհուրդ է տվել  դահլիճում խաղաղության նոր դարաշրջանի մասին խոսակցություններ լսելիս անպայման մտորել, թե ինչո՞ւ այդ փուլում Բաքուն չի ազատել պահվող հայերին, չի բացել հայ-թուրքական սահմանը, դուրս չի բերել ուժերն օկուպացված հայկական տարածքներից, չի կանգնեցրել իր ագրեսիվ ռազմականացումը։ Հենց այս՝ խաղաղության դարաշրջան ներկայացվող փուլում է, որ Հայաստանի ժողովուրդը լսում է, թե ինչպես է Իլհամ Ալիևը Հայաստանից պահանջում սահմանադրական փոփոխություններ և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»՝ նշել է պատգամավորը։

Ի դեպ, այն դեպքում, երբ ՄԱԿ-ի ամբիոնից Ալիևը օրեր առաջ միջազգային հանրությանն առաջարկում էր կոնֆլիկտները լուծելու իր փորձը փոխանցել, ԵԽԽՎ ամբիոնից նրան դեռ զգուշացնում ու հիշեցնում են, որ այսպես ասենք, «ժողովրդավարների ակումբի» անդամ նա դեռ չի դարձել։ Ադրբեջանի հարցերով զեկուցող, նորվեգացի պատգամավոր Լիզ Քրիստոֆերսենը   Ադրբեջանում ճնշումների մակարդակն աննախադեպ գնահատեց՝ ընդգծելով, որ Ադրբեջանում ավելի քան 300 քաղբանտարկյալ կա, որոնց շարքում՝  լրագրողներ, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստներ։

«76 գործընկեր հայտարարվել է պերսոնա նոն գրատա, Ադրբեջանի իշխանությունները ոչ գործակցում են մոնիտորինգի շրջանակում, ոչ ընտրություններում դիտորդական առաքելությունների հարցում։ Նրանք չեն կատարում ՄԻԵԴ-ի որոշումները»,- հայտարարել է նորվեգացի պատգամավորը։

Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում՝ վերջ դնելու անընդունելի վարքագծին ու Ադրբեջանին ստիպելու կատարել որպես ԵԽ անդամ իր պարտավորությունները՝ հարցին ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, կիսելով մտահոգությունը, հայտարարեց, որ բոլորը խորապես տեղյակ են Ադրբեջանում իրավիճակին և Ադրբեջանին առնչվող լուրջ մտահոգություններ ունեն արդեն երկար ժամանակ։

Եվրոպացի պաշտոնյայի կարծիքով՝ առաջընթացի լավագույն ոչ թե հեռավորության վրա դիտարկումներ, ուսումնասիրություններ անելն է, այլ ներգրավելը, միասին աշխատելը, համատեղ նախագծեր իրականացնելը։

Սա, թերևս, նշանակում է, որ ԵԽԽՎ-ն պատրաստ է տևական լարվածությունից հետո վերականգնել հարաբերությունները Ադրբեջանի հետ, բայց մի շարք «բայց»-երով ու պահանջների առաջադրմամբ։

Leave a Comment