Ինչի՞ն է վերաբերում «երկու հոգու գյուլլելու և տասնհինգ հոգու բանտ դնելու» պատմությունը․ Գալստանյանը՝ իրավապահներին

Երեք ամսվա ընթացքում երկու անգամ հրապարակային հարցում եմ ուղղել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, որոնք մնացել են անպատասխան, կալանավայրից հայտնել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Նրա նամակը խորհրդարանում ընթերցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Բագրատ Սրբազանը խնդրել է պարզաբանել, թե ինչի՞ն է վերաբերում իր գործին կցված «երկու հոգու գյուլլելու և տասնհինգ հոգու բանտ դնելու» պատմությունը կամ ո՞վ կամ ովքեր էին ավտոբուս վառելու, արդյո՞ք նման պատմություն գոյություն ունի։

Գալստանյանը նաև հարցրել, թե արդյո՞ք փորձաքննություն են անցել իրավապահների ներկայացրած այսպես կոչված ձայնագրությունները։

Նա նաև հարց է ուղղել ԱԳՆ-ին՝ նշելով, որ իրեն հասած տեղեկություններով գերատեսչությունը զանազան միջազգային ներկայացուցիչների հայտնել է այդ գործում «ռուսական հետքի» մասին։ Նա կոչ է արել պատասխանել՝ «ռուսական հետք» կա՞, թե՝ ոչ։

Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ շարժման աջակիցների տներում քննչական, վարութային գործողություններ իրականացնելու պատճառը «ՀՀ-ում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնելու» ծրագիրն էր, ինչը կանխվել է։ Կոմիտեն ավելի ուշ հրապարակել էր կառավարական կայքերի վրա կիբեռհարձակումների, զանգվածային բողոքի ցույցերին մասնակցելու համար խմբերի ձևավորման, ինչպես նաև իշխանությունը փոխելու համար ուժի կիրառման սցենարների թույլտվության մասին ձայնագրություններ։

Իշխանության զավթման փորձի շուրջ քրեական գործը հարուցվել էր Civic.am կայքի հրապարակած փաստաթղթի հիման վրա՝ որակելով այն պետության «Հեղաշրջման պլան»։

ՔԿ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ 16 անձի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան։ Նրանց թվում է նաև Գալստանյանը։

Leave a Comment