Չեխիան արգելել է չհավատարմագրված ռուս դիվանագետների մուտքը երկիր

Քաղաքականություն

30.09.2025 | 20:44

Չեխիայի կառավարությունն արգելել է ազգային հավատարմագրում չունեցող՝ Ռուսաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերով քաղաքացիների մուտքը: Այս մասին հայտարարել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին X սոցիալական ցանցում, գրում է  Current time-ը։

«Այս միջոցառումը  գործում է միջազգային օդանավակայաններում։ Դիվերսիոն գործողությունների թիվն աճում է, և մենք ռիսկի չենք դիմի՝  ընդունելով դիվանագիտական ​​քողի տակ գործող գործակալների։ Մենք օրինակ ենք ծառայում այլ երկրների համար, և ես կշարունակեմ պնդել Շենգենյան մակարդակում ամենախիստ միջոցառումների կիրառման վրա։ Մենք կպաշտպանենք Չեխիայի Հանրապետությունը», – գրել է նա։

2023 թվականի նոյեմբերին Չեխիայի Հանրապետությունը առաջարկել էր սահմանափակել ռուս դիվանագետների տեղաշարժը ԵՄ-ի ներսում: Financial Times-ը որպես այս սահմանափակումների ներդրման պատճառ նշել էր  ռուսական  հետախուզության ենթադրյալ  գործակալների դեմ պայքարը։

Չեխիայի իշխանությունները կարծում են, որ ռուս դիվանագետները պետք է ստանան վիզաներ և բնակության թույլտվություններ, որոնք թույլ կտան տեղաշարժվել միայն ընդունող երկրի ներսում, այլ ոչ թե ամբողջ Շենգենյան տարածքում: Նախաձեռնության հեղինակները նաև առաջարկել են վիզաների և բնակության թույլտվությունների համար դիմելիս ընդունել միայն ռուս դիվանագետների կենսաչափական անձնագրերը, քանի որ դրանք ավելի դժվար է կեղծել։

Լեհաստանն էլ  դարձել է առաջին եվրոպական երկիրը, որը սահմանել է ռուս դիվանագետների տեղաշարժի սահմանափակումները: 2024 թվականի մայիսից սկսած՝ Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները կկարողանան ազատորեն տեղաշարժվել միայն Մազովեցկիե վոյեվոդության մայրաքաղաքային շրջանում: Այս սահմանափակումները վերաբերում են բոլոր ռուս դիվանագետներին, բացառությամբ Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևի:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment