
Զապորոժիեի ատոմակայանը մեկ շաբաթ է՝ առանց արտաքին էլեկտրաէներգիայի է, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Իրավիճակը կրիտիկական է։ Ռուսական հրետակոծության պատճառով կայանը անջատված է էլեկտրացանցից։ Էլեկտրաէներգիան մատակարարվում է դիզելային գեներատորներով։ Սա արտակարգ իրավիճակ է։ Գեներատորներն ու կայանը նախատեսված չեն դրա համար և երբեք այդքան երկար չեն աշխատել այս ռեժիմով։ Եվ մենք տեղեկություններ ունենք, որ գեներատորներից մեկը խափանվել է։ Հենց ռուսներն են, որ հրետակոծության պատճառով խոչընդոտում են ատոմակայանի էլեկտրահաղորդման գծերի վերանորոգմանը և տարրական անվտանգության վերականգնմանը», – գրել է Զելենսկին Telegram-ում։
Ուկրաինայի առաջնորդը հավելել է, որ հանդիպում է անցկացրել զինվորականների և Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչների հետ և հանձնարարել է Էներգետիկայի նախարարությանը՝ Արտաքին գործերի նախարարության հետ համատեղ, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այս իրավիճակի վրա։
Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ քննարկել է ատոմակայանում ստեղծված իրավիճակը։ «Կարևոր է, որ աշխարհը իմանա, թե ինչ հետևանքներ կարող են լինել։ Մենք սպասում ենք համապատասխան արձագանքի», – ասել է նախագահը։