Եգիպտոսը, Կատարը և Թուրքիան համոզում են արմատական պաղեստինյան շարժմանը՝ Համասին, ընդունել Գազայի հատվածում կարգավորման ԱՄՆ ծրագիրը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Axios-ին։
Վկայակոչելով բանակցություններին ծանոթ երկու անանուն աղբյուրներ, կայքը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներկայացված Գազայի խաղաղության առաջարկների մանրամասները Դոհայում Համասի առաջնորդներին ներկայացրել են Կատարի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին և Եգիպտոսի գլխավոր հետախուզության վարչության պետ Հասան Ռաշադը։ Երկուսն էլ կոչ են արել Համասին ընդունել ԱՄՆ-ի ծրագիրը, նշվում է հաղորդագրության մեջ։ Այն հավելում է, որ Համասի առաջնորդները խոստացել են «լուրջորեն ուսումնասիրել ԱՄՆ-ի առաջարկները»։
Ըստ պորտալի՝ ամերիկացիներն ու իսրայելցիները ակնկալում են, որ Համասը ընդհանուր առմամբ կաջակցի ծրագրին, թեև որոշ վերապահումներով։
Սեպտեմբերի 30-ին օրը Ալ-Թանին, Ռաշադը և Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալինը Դոհայում ևս մեկ հանդիպում են ունեցել Համասի առաջնորդների հետ, հավելել է Axios-ը։
Սեպտեմբերի 29-ին Սպիտակ տունը հրապարակել էր ԱՄՆ նախագահի «համապարփակ ծրագիրը» Գազայի հատվածում կարգավորման համար։ Այս 20 կետանոց փաստաթուղթը, ի թիվս այլ բաների, նախատեսում է պաղեստինյան անկլավում ժամանակավոր արտաքին կառավարման ներդրում և այնտեղ միջազգային կայունացման ուժերի տեղակայում։ Սեպտեմբերի 30-ին Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն պատրաստ է Համասին երեք-չորս օր տալ առաջարկը քննարկելու համար:
