ԱՄՆ կառավարությունը մասամբ դադարեցրել է աշխատանքը՝ ֆինանսավորման անհամաձայնության պատճառով

ԱՄՆ Սենատը չի կարողացել ընդունել երկու դաշնային ծախսերի օրինագծերից ոչ մեկը, և չորեքշաբթի օրվանից սկսած՝ Միացյալ Նահանգները մտել է, այսպես կոչված, կառավարության փակման փուլ՝ որոշ պետական գործակալությունների գործունեության դադարեցմամբ․ գրել է BBC-ին։

Սենատը նախ մեծամասնությամբ մերժել է Դեմոկրատական կուսակցության ֆինանսավորման օրինագիծը․ դեմոկրատները Սենատում մեծամասնություն չունեն։ Այնուհետև այն չի կարողացել ընդունել Հանրապետական կուսակցության օրինագիծը։ Թեպետ հանրապետականները մեծամասնություն են կազմում, սակայն՝ ոչ բավականաչափ։

Արդյունքում՝ ԱՄՆ-ում որոշ, բայց ոչ բոլոր դաշնային գործակալությունները փակվել են։ Հարյուր հազարավոր պետական աշխատողներ ուղարկվում են ոչ վճարովի արձակուրդի։
Սպիտակ տան կառավարման և բյուջեի գրասենյակը հրապարակել է հուշագիր՝ հաստատելով փակումը և մեղադրելով դեմոկրատներին դրա համար։

Չնայած բյուջետային կոնֆլիկտները տարածված են ամերիկյան քաղաքականության մեջ, այս անգամ ծախսերի շուրջ պայքարը հատկապես լարված է՝ հաշվի առնելով, որ Թրամփը վերջին ինն ամիսների ընթացքում անընդհատ կրճատել է դաշնային կառավարության աշխատակազմը և ծախսերը:

Անցյալում նմանատիպ փակումները սովորաբար համարվում էին քաղաքականապես վտանգավոր, քանի որ դրանք խաթարում էին ընտրողների առօրյա կյանքը և վնասում օրենսդիրների և նախագահի կերպարին։

Սակայն այս անգամ Թրամփի վարչակազմը, կարծես, պատրաստ է երկար ժամանակով փակել կառավարության զգալի մասը: Վարչակազմի պաշտոնյաները սպառնացել են օգտագործել փակումը «ոչ էական» աշխատողներին նույնականացնելու համար, որոնք կարող են ընդմիշտ ազատվել աշխատանքից։

Թրամփի վարչակազմը փորձել է կրճատել ծախսերն իր պաշտոնավարման ինն ամիսների ընթացքում և ազատել է բազմաթիվ պետական աշխատակիցների: Կառավարության փակումը կարող է թույլ տալ վարչակազմին արագացնել կառավարության ապարատի զանգվածային կրճատումները։

Leave a Comment