Եթե Նոբելյան խաղաղության մրցանակը չշնորհվի ինձ, դա մեր երկրի համար մեծ վիրավորանք կլինի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Նոբելյան խաղաղության մրցանակը չշնորհվի իրեն, դա կդիտարկի որպես վիրավորանք։ Մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի տասն օրից, սակայն Թրամփը վստահ է, որ հենց ինքը պետք է արժանանա այդ բարձր գնահատանքին։ Նրա խոսքով՝ մրցանակը նա կցանկանար ստանալ ոչ թե անձնական հավակնությունների համար, այլ Միացյալ Նահանգների անունից։

«Եթե Նոբելյան խաղաղության մրցանակը չշնորհվի ինձ, դա մեր երկրի համար մեծ վիրավորանք կլինի, ասում եմ ձեզ։ Ես ինքս այն չեմ ուզում, ուզում եմ, որ այն ստանա երկիրը։ Եվ երկիրը պետք է ստանա այն, որովհետև նման բան երբեք չի եղել»,-ընդգծել է Թրամփը Վիրջինիայի Քուանտիկո ռազմական բազայում բարձրագույն զինվորականների հետ հանդիպման ժամանակ։

Թրամփը կրկին պնդել է, որ պաշտոնը ստանձնելուց հետո ավարտին է հասցրել յոթ պատերազմ, մատնանշելով, մասնավորապես, Հնդկաստանի և Պակիստանի, Եգիպտոսի և Եթովպիայի, Սերբիայի և Կոսովոյի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունները։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ էր արել Օսլոյի Նոբելյան կոմիտեին՝ մրցանակը հանձնել ԱՄՆ նախագահին՝ շեշտելով նրա ջանքերը Գազայի պատերազմի դադարեցման ուղղությամբ։ Նմանատիպ կոչ էր հնչեցրել նաև Պակիստանի իշխանությունը։

Leave a Comment