– Թուրքիայի հայերը մշտապես աջակցել են հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սակայն երկու երկրի հարաբերությունները պետք է երկարաժամկետ հեռանկարում դիտարկել, քանի որ խոսքը 100 տարվա թշնամանքի մասին է։ Մեծ հաջողություն է նույնիսկ խաղաղության մասին խոսելը, ձեր գալը, դռները բացելը, ճանապարհները, սահմանները, դիվանագիտական հարաբերությունները վերսկսելը։ Այն ժամանակ Արցախի խնդրի հետ կապված հարցեր կային, հիմա, երբ այդ խնդիրները չկան, կարծում եմ` այդ պատնեշները կսկսեն վերանալ, և ավելի սերտ հարաբերություններ կսկսեն ձևավորվել։ Իհարկե, ցանկանում ենք, որ շուտ լինեն, բայց պետությունների կյանքը, ազգային կյանքը հազարավոր տարիներով է չափվում։ Հետևաբար այս գործընթացը, որը մի քանի տարի առաջ է սկսվել, ըստ իս` ճիշտ ընթացքով է գնում։ Միշտ աջակցել ենք Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների զարգացմանը, որովհետև մենք այսպես ասած հատուկ տեղ ունենք հայ աշխարհում։ Մենք ո՛չ արցախահայ ենք, ո՛չ սփյուռքահայ, այլ հայկական այն մասնիկն ենք, որ Ցեղասպանությունից հետո մնացել ենք Թուրքիայում, ապրել ենք Թուրքիայում, լեզու գտել և պահպանել ենք մեր հաստատություններն ու կառույցները մինչև այսօր։