
Ֆրանսիայում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Նկոսինատի Էմանուել Մթեթվայի մահվան հանգամանքները հետաքննում է Փարիզի դատական ոստիկանության անձի դեմ հանցագործությունների դեմ պայքարի բրիգադը
Le Parisien-ը, հղում անելով դատախազությանը, գրում է, որ 58-ամյա դիվանագետի մարմինը հայտնաբերվել է Hyatt հյուրանոցի պատուհաններից մեկի տակ՝ 17-րդ շրջանում, Հաղթանակի կամարի մոտակայքում։ Նախնական տեղեկություններով՝ Մթեթվան ընկել է հյուրանոցի 22-րդ հարկի պատուհանից։
Դիվանագետի անհետացման մասին դեպքից մեկ օր առաջ հայտնել էր նրա կինը, որը երեկոյան ամուսնուց ստացել էր «անհանգստացնող հաղորդագրություն»։ Դատախազության տվյալներով՝ նրա հեռախոսի վերջին ազդանշանը գրանցվել է երկուշաբթի օրը ժամը 15։00-ի սահմաններում՝ Բուլոնյան անտառի տարածքում։ Ոստիկանությունը ծառայողական շների օգնությամբ ուսումնասիրել էր այգու արևմտյան հատվածը՝ կասկածելով, որ դիվանագետը կարող է ինքնասպանություն գործել։
Մթեթվան Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան էր Ֆրանսիայում 2024 թվականի փետրվարից։ Նա նաև ՅՈւՆԵՍԿՕ-ում իր երկրի մշտական ներկայացուցիչն էր։ Վերջին երկու տասնամյակներում զբաղեցրել էր նաեւ նախարարական պաշտոններ։