Որ խմբերն են 2026-ից ներառվելու առողջության համապարփակ ապահովագրության համակարգում, և ինչ կարժենա ապահովագրական փաթեթը


2026 թվականի բյուջեում առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման ֆինանսական կտորը հաշվարկված և ներառված է: Ֆիքսված է, որ 2026 թվականից սկսում ենք բարեփոխումը: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ տեղեկացնելով, որ ամփոփված են նաև միջգերատեսչական հանձնաժողովի քննարկումները, և որ լրամշակված օրենսդրական փաթեթը երեկ է դրվել e-draft համակարգում:


«Մեր այս օրենսդրական նախագծի մեջ ապահովագրության ներդրումը եռամյա փուլային շրջանակներում է ամրագրված, և մենք սկսում ենք 2026 թվականից»,- ասաց նախարարը, ապա թվարկեց բնակչության այն խմբերը, որոնք 2026 թվականից ներառվելու են առողջության համապարփակ ապահովագրության համակարգում:


Այդ խմբերն են՝


  • Մինչև 18 տարեկան երեխաները, որոնք 100 տոկոս սուբսիդավորմամբ կներառվեն ապահովագրության համակարգում.

  • 65 տարին լրացած քաղաքացիները (ըստ նախարարի՝ հիմնական մասն այս խմբի քաղաքացիներն են).

  • 18-65 տարեկան հաշմանդամություն ունեցող քաղաքացիները.

  • անապահովության բալ ունեցող քաղաքացիները՝ 28 և ավելի (ըստ նախարարի՝ այս համակարգը փոփոխման մեջ է, գնահատման համակարգերն են փոխվում).

  • 200 հազար դրամից ավելի ամսական եկամուտ, աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ ու այլ եկամուտներ ունեցող անձինք:


«Վերջին 1 տարվա ընթացքում մեր քաղաքացիների կողմից ինձ ամենահաճախ տրվող հարցը, պահանջը, կարիքն այն է, թե երբ ենք մենք ներառվելու: Գալով ընդառաջ մեր աշխատող քաղաքացիների պահանջին՝ որոշում կայացրինք, որ այս սանդղակը կլինի 200 հազար դրամից ավելի ստացողների համար, նրանց առաջին փուլով կներառենք ապահովագրության շրջանակներում: Այս անձանց թիվը մոտ 190 հազար է: Սա բավականին մեծ խումբ է, որը ներառում ենք առաջին փուլով:


Ընդհանուր առմամբ 2026 թվականի խումբը 1 միլիոն 600 հազար քաղաքացու է վերաբերելու: Իհարկե, պետք է նշեմ, և պետք է ուշադիր լինեք, որ ապահովագրության համապարփակ համակարգ ներառվելու են պետության կողմից նաև 100 տոկոս սուբսիդավորվող միայն այն ՀՀ քաղաքացիները, որոնք ռեզիդենտ են»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ սա ենթադրում է ՀՀ-ում 183 օր ապրելու ֆիքսված պահանջ:


Ապահովագրական փաթեթն առաջին փուլի համար սահմանվել է 129.600 դրամի շրջանակներում: Այն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերման ուղղված սքրինինգային ծրագրեր, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ:


«Կառավարության որոշմամբ ծառայությունները հստակ ամրագրված են լինելու, և ամեն քաղաքացի շատ պարզ ձևով տեսնելու է, թե այս ծառայությունն ապահովագրության շրջանակներում փակվելո՞ւ է, թե՞ չէ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ առաջնային կարգով փաթեթում ներառվել են ամենամեծ հիվանդացության ու մահացության բեռ ունեցող հիվանդությունները:

Leave a Comment