Ջալալ Հարությունյանը կտեղափոխվի ՔԿՀ. Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել նրա բողոքը

ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, դատավճիռն ստացել է օրինական ուժ: Սա, ըստ մյուս կողմի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի, նշանակում է, որ Հարությունյանը շուտով կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ:

«Դատալեքս» տեղեկատվական կայքում հրապարակված որոշման մեջ նշվում է. «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի հունիսի 18-ի որոշման դեմ մեղադրյալ Ջալալ Անատոլիի Հարությունյանի և նրա պաշտպան Ա.Ապրեսյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժել: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը»:

2022 թվականի սեպտեմբերին Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում թույլ տված անփութության համար, որը հանգեցրել էր ծանր հետևանքների՝ կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի մեծ կորուստների և մի շարք մարտական ​​դիրքեր հակառակորդին հանձնելուն։

2025թ. փետրվարի 7-ին առաջին ատյանի դատարանի վճռով Հարությունյանը 5 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել։ Սյունիքի դատարանն Արցախի ՊԲ նախկին հրամանատարին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 10 տարի ժամկետով):

Հարությունյանն Արցախի պաշտպանության բանակի հրամանատար էր նշանակվել 2020 թվականի փետրվարի 24-ին։ Հոկտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, ծանր վիրավորվել էր, և ՊԲ հրամանատարի պաշտոնում նրան փոխարինել էր Միքայել Արզումանյանը։

 

Leave a Comment