Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ սեպտեմբերի 30-ի որոշմամբ, հոկտեմբերի 1-ին քանդվել են Գնունու շուկայի մայթի կրպակները։ «Շուրջ երեք-չորս ամիս է քաղաքապետարանը բանակցում է Գնունու շուկայի կրպակների տնտեսվարողների հետ, նրանք իրազեկվել են նախատեսվող ապամոնտաժման աշխատանքների մասին»։ Այս մասին լրագրողներին հայտնել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը։ Նրա խոսքով, տնտեսվարողները մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ էին խնդրել կրպակներից իրենց ապրանքները տեղափոխելու համար։ Լրագրողի հարցին, արդյոք Գնունու շուկայի տնտեսվարողներին այլ վայրում տաղավարներ առաջարկվել են՝ ապրանքը վաճառելու համար, քաղաքապետարանի պաշտոնյան պատասխանեց, որ նման հարց չի քննարկվել․ «Նման քննարկում չի եղել, նման առաջարկ և պահանջ էլ չի եղել»,- ասել է նա։ […]