«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Նժար» սահմանադրական շարժման անդամ Նինա Կարապետյանցը
– Տիկի՛ն Կարապետյանց, հայտարարություն եք տարածել Հանրային հեռուստատեսությունը հանրությանը վերադարձնելու անհրաժեշտության մասին, առարկայական օրինակներով կասե՞ք, թե ինչի հիման վրա եք նման եզրահանգման եկել։
– Շատ կոնկրետ պատասխան կա ձեր հարցին․ նախ` թյուր տպավորություն են ստեղծում, թե հրավիրում են բանախոսների, որոնք տարբեր տեսակետներ ունեն, տարբեր տեղերից են այդ մարդիկ, բայց իրականության մեջ չորսհոգանոց քննարկման ժամանակ հրավիրում են մարդկանց, որոնցից առնվազն երկուսը հաստատապես աշխատում են մի կազմակերպությունում ու շատ ջերմ հարաբերությունների մեջ են Նիկոլ Փաշինյանի հետ, բառացիորեն սպասարկում են Նիկոլ Փաշինյանին, ուղղակի մեկին ներկայացնում են տվյալ կազմակերպության ներկայացուցիչ, իսկ մյուսին՝ որպես անկախ փորձագետ։ Լավագույն դեպքում երրորդը հրավիրվում է նորից օրվա իշխանությանը համակիր որևէ մեկին, իսկ չորրորդ հրավիրյալին ընդհանրապես ձայնի իրավունք չեն տալիս։
Կամ` ավելի մեծ ձևաչափով քննարկումների ժամանակ քննարկումը սկսում են հետևյալ հաշվարկով․ բանավեճին առաջինը գալիս են այն մարդիկ, որոնք ակնհայտորեն պրոնիկոլական են, օրվա իշխանություններին են սպասարկում, ընդդիմության ներկայացուցիչներին, որոնք էլի վիճելի ընդդիմության ներկայացուցիչներ են, բայց մարդիկ, որոնք կարող են ներկայացնել էականորեն տարբերվող դիրքորոշում, առարկայական խոսք, թողնում են ամենավերջում, ու, ըստ էության, այդ մարդիկ ժամանակ չեն ունենում իրենց դիրքորոշումն ու խոսքը արտահայտել։ Եթե անգամ այդ ժամանակը տրամադրում էլ են, ակնհայտ երևում է, թե ինչպես են Հ1-ի լրագրողները հարձակում կազմակերպում, ժողովրդական լավ բառ կա՝ լեզվակոխ անում հյուրերին, մի խոսքով՝ մարդուն խոսելու որևէ շանս չեն թողնում, ու դա անում են բոլորը միասին՝ լրագրողները, հաղորդավարները ու տաղավարում գտնվող մոլի երկրպագու անձինք, բոլորը միասին տպավորություն են ստեղծում՝ իրենց կազմակերպված ծափահարություններով, թե այսինչ միտքը շատ շատ լավ ընդունվեց հանդիսատեսի կողմից։
Հ1-ը այն քիչ լրատվամիջոցներից է, որը սփռում ունի ամբողջ Հայաստանի տարածքով, ու, հետևաբար, այդ մանիպուլյատիվ օգտագործումը շատ վտանգավոր է։ Որպես հակադրում՝ասում են, որ կան մեծ սփռում ունեցող այլ լրատվամիջոցներ ևս, որոնք մանիպուլյատիվ քոնթենթ են մատուցում, բայց ես բացատրում եմ, որ դրանք պատկանում են մասնավոր մարդկանց, բայց Հ1-ը մեր բոլորի գումարներով է սնվում, մենք բոլորս վճարում ենք հարկեր ու արդյունքում ունենում ենք Հ1, որը սպասարկում է շատ փոքր խումբ մարդկանց շահերն ու հետաքրքրությունները։
Այդ ամբողջ մանիպուլյացիան ակնհայտ է դաշտը իմացող մարդկանց համար, բայց նրանք, ովքեր չգիտեն այսպես կոչված փորձագետներին, կազմակերպությունների ներկայացուցիչներին, տրվում են այդ մանիպուլյացիաներին, ու սա շատ լուրջ խնդիր է։ Հ1-ում մարդկանց խաբում են, այն մարդկանց, որոնց վճարած գումարներով էլ սնվում են, մարդկանց մոլորության մեջ են գցում, սա անթույլատրելի է։
Այնպես չէ, որ սա Նիկոլ Փաշինյանի բացահայտումը կամ աննախադեպությունն է, այսպես եղել է միշտ, բայց մի օր սա պետք է կանգնեցնել, սա չի կարող հավերժ տևել։ Մենք ունենք կառավարման մի համակարգ, որի պայմաններում գալիս զավթում են ոչ միայն գործադիր, օրենսդիր մարմինները, այլ նաև՝ իրավապահ մարմինները, վերահսկողություն իրականացնող մարմինները, Հ1-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ու եթե չփոխվի կառավարման այս համակարգը, չտրվեն երաշխիքներ, այդ երաշխիքների համար հիմքեր չտրվեն, անընդհատ կբախվենք այս իրավիճակին։
– Ասացիք, որ մշտապես Հ1-ի պարագայում այսպես է եղել, երբ համեմատում եք նախկին իշխանությունների ու գործող իշխանությունների ժամանակ աշխատող Հ1-ը, ի՞նչ տարբերություններ, նմանություններ եք արձանագրում։
– Տարբերությունն այն է, որի մասին նաև քաղհասարակության ներկայացուցիչներն էլ են անընդհատ խոսում, որ նախկինների ժամանակ մեզ Հ1 չէին հրավիրում, կներեք, հիմա էլ հրավիրում են ու մարդկանց բերանը փակում, մարդկանց թույլ չեն տալիս իրենց տեսակետները ներկայացնել ու դա անում են բառացիորեն գեբելսյան պրոպագանդայի օրինակներով ու գործիքակազմերով։
– Տիկի՛ն Կարապետյանց, իսկ ինչպե՞ս եք պատկերացնում Հանրայինի վերադարձը հանրությանը, ինչպես ասում եք։
– Այդ իմաստով մենք ունենք մեր պատկերացումները, բայց նաև որոշել ենք, որ ստեղծելու ենք իրարից շատ տարբեր հայացքներ ունեցող խմբերի, նախաձեռնությունների, կուսակցությունների, տարբեր ոլորտների ներկայացուցիչների, այդ թվում՝ լրատվության միասնական խումբ ու թիմ, որոնց հետ միասին սկսելու ենք աշխատել այդ ուղղությամբ՝ որոշելու, թե ինչ գործիքակազմ պետք է կիրառել։ Սա պետք է հետաքրքրի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, որովհետև նրանք պետք է հասկանան՝ իրենց հարկերն արդյունավետ օգտագործվո՞ւմ են, թե՞ հենց հասարակության դեմ են օգտագործվում։
Ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար էլ սա պետք է սկզբունքային հարց լինի, որովհետև եթե ամբողջ Հ1-ը աշխատում է մի թիմի համար, ապա սա նշանակում է, որ մնացածը, մեղմ ասած, խտրական վերաբերմունքի են արժանանում ու զրկվում ամենակարևոր գործիքակազմից։ Բոլոր ժամանակներում Հ1-ն աշխատել է օրվա իշխանության համար, բոլոր ժամանակներում։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am