«Բարսելոնայի» լեգենդ Լիոնել Մեսսին որոշել է ակտիվորեն մասնակցել կատալոնական ակումբի առաջիկա նախագահական ընտրություններին, որոնք կկայանան 2026 թվականին։ ABC.es-ի փոխանցմամբ՝ արգենտինացու նպատակը կլինի օգնել մեկ այլ թեկնածուի՝ զբաղեցրած պաշտոնից հեռացնելու ակումբի ներկայիս նախագահ Ժոան Լապորտային։
Նշվում է, որ Մեսսին չի աջակցի որևէ թեկնածուի, եթե նա չունենա հաղթելու իրական հնարավորություն։ Այդ պատճառով «Բարսայի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն պատրաստ է միանալ միայն ուժեղ և միասնական թեկնածուի։
Չորս տարի առաջ Մեսսին հրապարակավ աջակցել էր Լապորտային ընտրությունների ժամանակ, սակայն պայմանագրի երկարաձգման բացակայությունը հանգեցրեց նրանց հարաբերությունների վատթարացմանը։ Արդյունքում՝ խաղացողը լքեց թիմը և տեղափոխվեց ՊՍԺ։
Լապորտան, իր հերթին, հույս ունի, որ ընտրությունները կկայանան ապրիլին, որպեսզի խուսափի հնարավոր քննադատությունից՝ մրցաշրջանի անհաջող ավարտի դեպքում։