Հունաստանում ՀՀ դեսպանը Միջազգային հարաբերությունների ինստիտուտում ներկայացրել է Վաշինգտոնում կնքված փաստաթղթերը և դրանց նշանակությունը Հայաստանի ու տարածաշրջանի ապագայի համար


Հոկտեմբերի 31-ին Հունաստանում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել է Պանդեոյի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում, որտեղ հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականությանը նվիրված դասախոսությամբ` «Հայաստան. արտաքին քաղաքականություն և տարածաշրջանային բալանսավորում» վերնագրով։ Այս մասին հայտնում է դեսպանությունը:


 


Միջոցառումը վարել է Պանդեոյի համալսարանի պրոֆեսոր Դիմիտրիս Տրիանդաֆիլուն։ Բացման խոսքով հանդես է եկել Միջազգային հարաբերությունների ինստիտուտի գործադիր տնօրեն Ինո Աֆենտուլին։


 


Դեսպան Տիգրան Մկրտչյանը մանրամասն ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված փաստաթղթերը և դրանց նշանակությունը Հայաստանի և տարածաշրջանի ապագայի համար։ Կետ առ կետ քննարկվել է Համատեղ հռչակագիրը։


 


 


Ներկայացվել է «Հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» նախագիծը՝ «Խաղաղության խաչմերուկի» համատեքստում։ Վերջինիս դեսպանն անդրադարձել է` ներկայացնելով ՀՀ և ԱՄՆ միջև ստորագրված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին հուշագիրը։


 


Դեսպանն այնուհետև քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարները և դրանց նշանակությունը տարաշածրջանային անվտանգության համար։


 


Այնուհետև անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ աննախադեպ բարձր մակարդակի վրա գտնվող երկխոսությանը, ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգին, Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը։


 


 


 


Մեծ նշանակություն է տրվել Հայաստան-Հունաստան համագործակցության խորացմանը և դրանց հեռանկարներին, այդ թվում և պաշտպանության ուղղությամբ։


Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի դեմ ուղղված հիբրիդային սպառնալիքներին։


 


Դասախոսությանը ներկա են գտնվել դիվանագետներ, փորձագետներ, ուսանողներ, լրագրողներ։ Դասախոսության ավարտին դեսպանը պատասխանել է ներկաների հարցերին։

Leave a Comment