
Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ո՞վ է հնարել «ղարաբաղյան կլան» տերմինը: Ղարաբաղցին ի՞նչ կապ ունի Հայաստանի քրեա-օլիգարխիկ համակարգի հետ, որ, հավանաբար, կազմավորվել է ուշ խորհրդային շրջանի «ցեխավիկների համքարությունից» և շուկայական տնտեսության պայմաններում լեգալացել, սերտաճել պետական կառավարման համակարգի հետ: Իհարկե, «ստվերային օլիգարխիա» եղել է նաև խորհրդային Լեռնային Ղարաբաղում, որ մինչև 1988 թվականը կառավարվել է Հեյդար Ալիևի կառուցած տնտեսական «բուրգի» կողմից: Բայց հարյուր հիսուն հազար ղարաբաղցիները ոչ դրանից են շահել, ոչ Հայաստանի և Արցախի օլիգարխների սիներգիայից: Մի վիրավորեք հարյուր հազարավոր ղարաբաղցիների: Նրանք ոչ մի մեղք չունեն, որ խորհրդային, ապա եւ անկախ Հայաստանի անկատար կառավարման համակարգը ծնել և սնուցել է մի քանի կամ տասնյակ օլիգարխների, որոնց համար ոչ Ղարաբաղն է հայրենիք եղել, ոչ հայրենիք է Հայաստանը»։