Արագածոտնի թեմի հոգևորականների և նրանց ընտանիքի անդամներին պատկանող անձնական իրերը իրավապահ մարմինները մինչև այժմ չեն վերադարձրել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթը նշում է, որ խուզարկությունների ընթացքում առգրավված իրերի թվում կային անձնական և ընտանեկան բնույթի նյութեր, որոնք որևէ կապ չունեն քրեական գործի հետ։
«ՀՀ Քննչական կոմիտեն դեպքի կապակցությամբ հայտնել էր, որ «իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաեւ հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ», որի շրջանակում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ»,- գրել է թերթը։
Թերթը նշել է, որ իր տեղեկություններով՝ փաստաբանները այս առիթով դիմումներ են ներկայացրել ինչպես ՀՀ գլխավոր դատախազին, այնպես էլ Քննչական կոմիտեի ղեկավարին, սակայն մինչ օրս որևէ արձագանք կամ պաշտոնական պատասխան չի ստացվել։
Հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմի առաջնորդարանում և հոգևորականների տան խուզարկություններից հետո բերման էր ենթարկվել 12 հոգևորական։ Կալանավորվել էին թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Գարեգին քահանա Արսենյանը, թեմի հաշվապահի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացության հիման վրա, Արագածոտնի թեմի հոգևոր սպասավոր Տեր Արամ քահանա (Ստեփան՝ աշխարհիկ անվամբ-խմբ.) Ասատրյանը հոկտեմբերի 21-ին կարգալույծ էր հռչակվել։
Թեպետ կարգալույծ լինելուն՝ Ասատրյանը հոկտեմբերի 21-ին հայտարարել էր, որ հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում պատրաստվում է պատարագ մատուցել։ Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ մասնակցելու է պատարագին։
