Ոստիկանն ընտրության առաջ է՝ մնալ մե՞նթ, թե՞ դառնալ հերոս

Կարո՞ղ է ոստիկանը վերականգնել իր նկատմամբ հանրային վստահությունն ու հարգանքը։ Խնդիրը կարևոր է, քանի որ իրավապահի հանդեպ վստահության պակասը ոչ միայն իշխանության նկատմամբ անվստահության ցուցիչ է, այլև հանգեցնում է հանցավորության աճին, քրեական ենթամշակույթի տարածմանը։ Իսկ ոստիկանի մասին իրական վստահությունը կամրացնի հասարակական համերաշխությունը, կնպաստի ազգային առաջընթացին։

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսագրությունների տարածումը մեծ աղմուկ է առաջացրել։ Հանրության մի մասը կասկածում է, որ տեսանյութերում իրոք Արշակ Սրբազանն է։ Ոմանք էլ կարծում են, որ գաղտնի տեսագրությունների տարածմամբ խախտվել է օրենքն ու մարդու իրավունքները։ Մարդիկ իրավամբ սպասում են, որ հարցը կպարզի իրավապահը։ Սկանդալից մի քանի օր անց տեսանյութերի տարածման վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը՝ տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով)։ Այս մասին հայտնել է ՔԿ-ն։

Այս քննությունը կարող է վերականգնել ոստիկանի դեմքը կամ նրան դարձնել մենթ։

Ենթադրենք՝ տեսագրություններն իրական են։ Նշանակում է՝ մարդու լոգարանում, սենյակում տեսախցիկներ են տեղադրել և գաղտնի նկարահանել։ Ուշագրավ է, որ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը գրել էր՝ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։ Այս անպարկեշտ գրառումը հանրային մեծ աղմուկ էր առաջացրել։ Նույնիսկ ԿԿՀ-ն է անդրադարձել դրան։

Փաշինյանի այս գրառումից որոշ ժամանակ անց ի հայտ է գալիս գաղտնի նկարահանված տեսագրություն։ Ենթադրաբար՝անհայտ անձինք քաղաքացու տանը, լոգարանում ու սենյակում տեղադրել են գաղտնի տեսախցիկներ, նկարահանել ու հրապարակել։ ՔԿ հաղորդագրությունից ենթադրելի է, որ իրավապահներն առաջին հերթին փորձելու են պարզել, թե ո՞վ, ինչո՞ւ, ո՞ւմ ցուցումով է քաղաքացու տանը տեղադրել տեսախցիկներ, գաղտնի նկարել ու հրապարակել։ Մասնավորապես՝ ի՞նչ կապ կա Փաշինյանի գրառման և տեսագրությունների տարածման միջև։

Ոմանք ենթադրում են, թե իրավապահների բացահայտումների շղթան կհասնի մինչև կառավարության շենք։ Հոռետեսներն էլ կարծում են, թե գաղտնի նկարահանումը կազմակերպել են այդ հարցում հմուտ պետական կառույցների ծառայողները։ Կարո՞ղ է Քննչական կոմիտեն բացահայտել այդ կառույցների առնչությունը այս գաղտնի նկարահանումների ու տարածումներին։

Իսկ եթե տեսագրությունները կեղծ են, ինչպես կարծում է հանրության մի մասը, ապա իրավապահները պետք է պարզեն, թե ովքե՞ր են պատրաստել այդ կեղծիքն ու տարածել։ Այս դեպքում ևս ենթադրյալ հանցագործության հետքերը կարող են հասնել պետական կառույցներ։ Քննչական կոմիտեն ի վիճակի՞ է բացահայտել պետական մարմինների առնչությունն այս սկանդալին։

Այս պատմության մեջ հուսադրողն այն է, որ տեսանկարահանումը կատարվել է Փաշինյանի գրառումից 5 ամիս անց։ Լավատեսները կարծում են, թե 5 ամիս շարունակ չի հաջողվել գտնել մարդկանց, որոնք կկազմակերպեին, կիրականացնեին ՀՀ ՔՕ 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսվող հանցավոր արարքը։ Իսկ եթե դրան նաև պետական կառույցները պետք է ներգրավվեին, ապա 5 ամիս չեն գտել սպայի պատիվը գետնով տվող ծառայողների։ Այս ենթադրությունը լավատեսություն է ներշնչում, որ Քննչական կոմիտեն կարող է նաև լիարժեք բացահայտել ու բոլոր մեղավորներին ջրի երես հանել, ապացուցելով, որ իրավապահ համակարգում ազնիվ, սպայի պատիվ ունեցող, օրնքն ամեն ինչից վեր դասող, բարոյական նորմերը հարգող մարդիկ են, չհաշված մի քանի սրիկաների։

Կարճ ասած՝ իրավապահը, ոստիկանը, օրենքին ծառայողը հնարավորություն ունեն բացահայտելու այս սկանդալին առնչվող բոլոր անձանց ու վերականգնելու իրենց հանդեպ հանրային վստահությունը, նպաստելով հասարակական համերաշխության մթնոլորտի ձևավորմանն ու հանրային առաջընթացին։ Մարդիկ հիմք կունենան ասելու, որ ոստիկանն ազնիվ, արդարամիտ, օրենքին նվիրված, քաղաքացիներին պաշտպանող հերոսն է։ Քանի դեռ չի բացահայտվել, ապա հանրությունն իրավունք ունի բոլորին կասկածել։ Իսկ հոռետեսերն էլ կարող են ասել, որ բոլոր ոստիկաններն էլ մենթ են և ուզում են, որ ՀՀ-ն մենթապետություն դառնա։

Թաթուլ Մկրտչյան

Leave a Comment