Կանադայի վարչապետը ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահից

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից քաղաքական գովազդի համար և Օնտարիոյի վարչապետ Դուգ Ֆորդին խնդրել է չցուցադրել այն։

Քարնին հայտնել է, որ հանդիպել է Թրամփի հետ Հարավային Կորեայում կայացած Ասիա-խաղաղօվկիանոսյան գագաթնաժողովի ընթացքում և ընթրիքի ժամանակ հայցել ԱՄՆ նախագահի ներողամտությունը։ Նա նաև ընդգծել է, որ նախապես դեմ է եղել գովազդի ցուցադրմանը։

Գովազդում, որը պատրաստվել էր Դուգ Ֆորդի պատվերով, օգտագործվել էր ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի խոսքերը մաքսատուրքեր սահմանելու վտանգների մասին՝ դրանք բնորոշելով որպես առևտրային պատերազմների և տնտեսական ճգնաժամերի պատճառ։

Թրամփն էլ, իր հերթին հայտարարել էր, որ բարձրացնում է Կանադայից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը, դադարեցրել Կանադայի հետ առևտրային բանակցությունները:

Leave a Comment