Այսուհետ բարձրաստիճան պաշտոնյաների իրավաստեղծ հանդիպումների մասին տեղեկությունները 3 օրում հրապարակային են դառնալու. օրենքի նախագիծ

Iravaban.net-ը ուսումնասիրել է «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով սահմանվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ իրավական ակտերի մշակման գործընթացի շրջանակներում ունեցած հաղորդակցության թափանցիկությունը: Նոր կարգավորումը միտված է բարձրացնելու պետական կառավարման թափանցիկությունը և հաշվետվողականությունը:

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում

Օրենքով լրացվում է «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքը՝ ավելացնելով նոր 28.1-ին հոդված, որը վերաբերում է հաղորդակցության թափանցիկությանը: Ըստ այդ հոդվածի՝ վարչապետը, վարչապետի խորհրդականները (այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները), փոխվարչապետները, փոխվարչապետների խորհրդականները, նախարարները, նախարարների խորհրդականները և նախարարների տեղակալները պարտավոր են եռօրյա ժամկետում իրավասու անձին տեղեկացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ ցանկացած բանավոր կամ գրավոր ուղիղ կամ միջնորդավորված հաղորդակցության մասին, որն առնչվել է իրավաստեղծ կամ ռազմավարական փաստաթղթերի մշակման գործունեությանը:

Օրենքի հիմնական դրույթները

Օրենքը սահմանում է «իրավաստեղծ գործունեություն» հասկացությունը՝ որպես նորմատիվ, լոկալ կամ անհատական իրավական ակտեր ընդունելուն, փոփոխելուն, լրացնելուն կամ ուժը կորցրած ճանաչելուն ուղղված գործունեություն: Սա նշանակում է, որ օրենքը տարածվում է բոլոր տեսակի իրավական ակտերի վրա՝ օրենքներից մինչև կառավարության որոշումներ և նախարարական հրամաններ:

Միաժամանակ, օրենքը հստակ սահմանում է, թե որ հաղորդակցություններն են ազատված տեղեկացման պարտականությունից: Սրանց թվում են՝

  1. Պաշտոնական պարտականությունների իրականացման ընթացքում այլ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կամ հանրային ծառայողների հետ հաղորդակցությունը
  2. Միջազգային կազմակերպությունների հետ հաղորդակցությունը՝ ՀՀ միջազգային պայմանագրերի շրջանակներում
  3. Նորմատիվ իրավական ակտերի հանրային քննարկման և շահագրգիռ մարմինների կարծիքի ստացման հետ կապված հաղորդակցությունը
  4. Քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենսդրական նախաձեռնությունների հետ կապված հաղորդակցությունը
  5. Լրատվական գործունեություն իրականացնողների կողմից տվյալներ ձեռք բերելու հետ կապված հաղորդակցությունը
  6. Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց իրավունքների պաշտպանության և իրացման հետ կապված հաղորդակցությունը
  7. Արհեստակցական միության գործունեության իրականացման հետ կապված հաղորդակցությունը
  8. Նախարարներին կից հասարակական խորհուրդների նիստերի ժամանակ տեղի ունեցող հաղորդակցությունը
  9. Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստերի ժամանակ տեղի ունեցող հաղորդակցությունը
  10. Այն դեպքերը, երբ հաղորդակցության տվյալները պարունակում են օրենքով պահպանվող գաղտնիք

Օրենքով սահմանվում է, որ տեղեկացման ենթակա են հետևյալ տվյալները՝

  1. Հաղորդակցության ամսաթիվը
  2. Պաշտոնատար անձի ազգանունը, անունը, հայրանունը, զբաղեցրած պաշտոնը
  3. Պաշտոնատար անձի հետ հաղորդակցված անձի տվյալները և կազմակերպության անվանումը
  4. Հաղորդակցության ձևը (հանդիպում, հեռախոսազանգ, նամակագրություն և այլն)
  5. Հաղորդակցության վայրը (հանդիպման դեպքում)
  6. Քննարկված հարցերի համառոտ բովանդակությունը
  7. Այլ տվյալներ, որոնք պաշտոնատար անձի կարծիքով անհրաժեշտ է հրապարակել

Տեղեկացման կարգի մանրամասները և իրավասու անձանց շրջանակը սահմանվելու են Կառավարության որոշմամբ: Սա նշանակում է, որ Կառավարությունը պետք է որոշի, թե կոնկրետ ում պետք է հաղորդվի այդ տեղեկատվությունը և ինչ ընթացակարգով: Տեղեկացված տվյալները հրապարակվելու են համապատասխան հանրային իշխանության մարմնի պաշտոնական կայքէջում՝ տեղեկացումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում, որը նշանակում է, որ այդ տեղեկատվությունը լինելու է բաց և հանրության համար հասանելի:

Օրենքով նախատեսվում է, որ տեղեկացման պարտականության չկատարումը կարող է առաջացնել կարգապահական պատասխանատվություն, սակայն կարգապահական պատասխանատվությունը չի տարածվում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց վրա: Սա նշանակում է, որ թեև վարչապետը և նախարարները պարտավոր են տեղեկացնել իրենց հաղորդակցության մասին, նրանք ազատված են կարգապահական պատասխանատվությունից այդ պարտականությունը չկատարելու համար:

Օրենքը նաև կարգավորում է պաշտոնատար անձի վարքագիծը այն դեպքերում, երբ հաղորդակցված անձը դրսևորում է ապօրինի կամ էթիկայի կանոնների խախտմանը ուղղված վարքագիծ՝ սահմանելով, որ նման դեպքերում պաշտոնատար անձը պարտավոր է դադարեցնել կապը նրա հետ:

Ո՞վ է մշակել օրենքը

Օրենքը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական կառավարման թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմամբ, որը կերաշխավորի հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ հանրային վերահսկողությունը։

Գործնականում վարչապետի, փոխվարչապետների, նախարարների և նրանց խորհրդականների ու տեղակալների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև հաճախ տեղի են ունենում շփումներ՝ կապված իրավական ակտերի մշակման կամ ռազմավարական փաստաթղթերի ընդունման հետ։ Սակայն այդ շփումների մասին տվյալներ չեն ներկայացվում, ինչով էլ իրավական ակտերի նախագծման և ռազմավարական փաստաթղթերի մշակման գործընթացների թափանցիկությունը ամբողջապես չի ապահովվում։

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1871-Լ որոշման գործողությունների ծրագրի 1.23-րդ կետի կարգավորմամբ, որով սահմանվել է լոբբիստական գործունեության (ոչ իրավաչափ ազդեցության) վերաբերյալ կարգավորումներ ներդնելու անհրաժեշտությունը։

Բացի այդ, նման կարգավորումների անհրաժեշտությունը ընդգծվել է նաև միջազգային պարտավորությունների կատարման շրջանակներում։ Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) Հայաստանի 5-րդ շրջափուլի գնահատման զեկույցում։

Միջազգային փորձը

Օրենքի հիմնավորման մեջ ներկայացվում է լոբբիստական գործունեության թափանցիկության վերաբերյալ միջազգային փորձը: Նշվում է, որ 2010 թվականին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) ընդունել է լոբբինգի թափանցիկության և ամբողջականության սկզբունքների վերաբերյալ առաջարկություններ:

Նմանատիպ կարգավորումներ ներկայումս գործում են մի շարք երկրներում:

Սլովենիայում «Կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենքը կարգավորում է լոբբինգը՝ որպես ազդեցության իրականացում օրենսդրության և հանրային քաղաքականության մշակման և ընդունման գործընթացում: Լոբբիստները պարտավոր են ամեն տարի հաշվետվություններ ներկայացնել, իսկ պաշտոնյաները հաշվետվություն են ներկայացնում լոբբիստների հետ շփումներից հետո 8 օրվա ընթացքում:

Կանադայում 1989 թվականից գործում է լոբբիստական գործունեության կարգավորման համակարգ, որը պարբերաբար թարմացվում է: 2023 թվականին ուժի մեջ մտած լոբբիստների վարքագծի կանոնագիրքը կարգավորում է լոբբիստներին վերաբերող էթիկական պահանջները:

Հունաստանն իր հերթին 2021 թվականին ընդունել է օրենք՝ պետական ինստիտուցիոնալ մարմինների թափանցիկության և հաշվետվողականության ամրապնդման վերաբերյալ: Ստեղծվել է լոբբիստների թափանցիկության գրանցամատյան, և լոբբիստները պարտավոր են գրանցվել և ներկայացնել տարեկան հայտարարագրեր:

Իռլանդիայում 2015 թվականին ընդունվել է «Լոբբինգի կարգավորման մասին» օրենքը: Հանրային պաշտոնների չափորոշիչների հանձնաժողովը վարում է լոբբինգի հանրությանը հասանելի գրանցամատյան և հանդես է գալիս որպես այս ոլորտի կանոնների կարգավորող և կիրառող մարմին:

Մեծ Բրիտանիայում Նախարարական կանոնագիրքը սահմանում է նախարարների արտաքին հանդիպումների հրապարակման պահանջ: Գերատեսչությունները հրապարակում են նախարարների արտաքին հանդիպումների մանրամասները եռամսյակը մեկ:

Իսպանիայում 2012 թվականից ի վեր կառավարության ընտրված անդամների օրակարգերը հրապարակվում են առցանց՝ կառավարության կայքում: 2020 թվականից սկսած՝ խորհրդարանի անդամները պարտավոր են հրապարակել իրենց օրակարգերը, ներառյալ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ հանդիպումները:

Ֆինանսական ազդեցություն

Օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն ակնկալվում:

Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունմամբ նախատեսվում է վարչապետի, վարչապետի խորհրդականների, փոխվարչապետների, փոխվարչապետների խորհրդականների, նախարարների, նախարարների խորհրդականների, նախարարների տեղակալների հետ իրավական ակտերի նախագծման և ռազմավարական փաստաթղթերի մշակման վրա ազդեցությանն ուղղված հաղորդակցությունների մասին տեղեկացում՝ ապահովելով իրավաստեղծ գործընթացների թափանցիկությունը և վերջիններիս վրա ոչ իրավաչափ ազդեցության կանխարգելումը:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Օրենքի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունից և դրա իրականացման 2023-2026 թվականների գործողությունների ծրագրից:

Ուժի մեջ մտնելու ժամկետները

Օրենքի դրույթները ուժի մեջ են մտնելու հետևյալ ժամկետներում՝

  1. 1 հոդվածի 5-րդ մասը (տեղեկացման կարգի մանրամասները և իրավասու անձանց շրջանակը) ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. 1 հոդվածի 1-4-րդ, 6-8-րդ մասերը ուժի մեջ են մտնում տեղեկացման կարգի մանրամասները, տեղեկացված տվյալների հրապարակման իրավասու անձանց շրջանակը սահմանող կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից:
  3. Օրենքի ընդունվելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և համապատասխան հանրային իշխանության մարմինները պարտավոր են համապատասխանեցնել իրենց կանոնագրքերը օրենքի դրույթներին:

Լոբբիստական ինստիտուտի ներդրման թերություններն ու բացերը

Iravaban.net-ը խորհրդակցելով Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն խորհրդի անդամ պարոն Կարեն Զադոյանի հետ, ստորև ներկայացնում է լոբբիստական ինստիտուտի ներդրման հիմնական թերություններն ու բացերը.

«Թեև օրենքը նպատակաուղղված է լոբբիստական գործունեության թափանցիկության ապահովմանը, այն ունի մի շարք էական թերություններ ինստիտուցիոնալ տեսանկյունից:

Ներդրվող ինստիտուտը թեև տարածվում է քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց (վարչապետ, նախարարներ) վրա, սակայն չի նախատեսում արդյունավետ պատասխանատվություն նրանց համար: Օրենքը սահմանում է, որ կարգապահական պատասխանատվությունը չի կիրառվում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ:

Տեղեկացման ենթակա հաղորդակցության բացառությունների ցանկն այնքան ընդարձակ է, որ գործնականում կարող է վերածվել «օրենսդրական ետնադռան» և թույլ տալ շրջանցել օրենքի պահանջները:

Օրենքի կիրարկման մեխանիզմները հստակեցված չեն, և հիմնական կարգավորումները թողնվել են հետագա ենթաօրենսդրական ակտերի վրա, ինչը հարցականի տակ է դնում դրանց արդյունավետությունը:

Օրենքի տեքստում բացակայում է հաղորդակցման «ակնհայտության» որոշակիացման կարգը, ինչը կարող է հանգեցնել այն բանին, որ պաշտոնատար անձինք կհայտարարեն, թե չեն նկատել, որ հաղորդակցությունը վերաբերել է օրենսդրական գործունեությանը:

Ի վերջո, օրենքը չի լուծում կանխարգելման հիմնական խնդիրը՝ մինչ օրենսդրական գործընթացի սկիզբը տեղի ունեցող ոչ ֆորմալ շփումների և ազդեցությունների վերահսկողությունը: Այս կետում միջազգային փորձը ցույց է տալիս, որ լոբբինգի կարգավորման առավել արդյունավետ մոդելները հիմնված են ոչ միայն հաղորդակցության թափանցիկության, այլև լոբբիստական գործունեության պարտադիր գրանցման և էթիկայի խիստ կանոնների վրա,»- տեղեկացնում է Iravaban.net-ը:

Leave a Comment