ԱՄՆ-ում ալկոհոլի սպառումը նվազել է մինչեւ 1939 թվականի մակարդակը, ցույց են տվել Gallup-ի հարցումները։ Նման իրավիճակը պայմանավորված է ոչ միայն հանրահայտ մարդկանց ազդեցությամբ, որոնք քարոզում են սթափ ապրելակերպ, այլեւ քաշի նվազեցման դեղերի եւ գիտակցության վրա ազդող այլընտրանքային միջոցների տարածման պատճառով։
Ըստ Bloomberg-ի ինդեքսի տվյալների, որոնց է հղում անում The Drinks Business առցանց հրատարակությունը, աշխարհի խոշորագույն ալկոհոլային արտադրողներն անցած չորս տարում կորցրել են 830 միլիարդ դոլար շուկայական կապիտալիզացիա։ 2021-ի առավելագույն մակարդակի համեմատ հունիսին այն նվազել է 46 տոկոսով։
Forbes-ը հայտնում է, որ փորձագետները նման անկման հիմնական պատճառ են համարում սպառողների նախասիրությունների փոփոխությունը եւ առողջության հետ կապված աճող մտահոգությունները։
«Շուկայում կառուցվածքային փոփոխություն է տեղի ունենում,– ասել է Morgan Stanley-ի վերլուծաբան Սառա Սայմոնը։ – Սպառողները սկսել են ավելի քիչ խմել»։
Gallup-ի հարցման տվյալներով՝ ԱՄՆ-ում ալկոհոլի սպառման նվազմանը նպաստել են նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախազգուշացումները, որոնք ազդեցություն են ունեցել X սերնդի ներկայացուցիչների վրա։
Միլենիալների եւ Z սերնդի շրջանում ալկոհոլի նկատմամբ հետաքրքրության անկումը պայմանավորված է այնպիսի հայտնի մարդկանց ազդեցությամբ, ինչպիսիք են Թոմ Հոլանդը եւ Քեթի Փերին, որոնք խրախուսում են սթափ ապրելակերպը։
Լրացուցիչ ճնշում են նաեւ տնտեսական գործոնները՝ բարձր մաքսատուրքեր, բարձր տոկոսադրույքներ, հումքի գների աճ, ինչպես նաեւ ալկոհոլի արգելքը հանրային եւ պաշտոնական միջոցառումների մեծ մասի ժամանակ։