Ուղևորատոմսի արժեքի վերաբերյալ Երևանի քաղապետարանի հրավիրած արտահերթ նիստն այսօր բուռն է անցել։ Իշխանության ներկայացուցիչների և ավագանու ընդդիմադիր անդամների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ոստիկանություն է հրավիրել դահլիճ։ Թեժ իրավիճակում էլ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով որոշել է մեկ ուղևորության համար սահմանել 150 դրամ։
Գործելու են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։ Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ձեռք բերված տոմսային փաթեթները հավելյալ ստանում են 30-օրյա օգտագործման ժամկետ՝ ակտիվացման պահից: Փետրվարի մեկից ուղևորները կկարողանան տոմս գնել ինչպես բանկային քարտերով, այնպես էլ Թելլ Սել հավելվածով կամ տերմինալներով։
Փետրվարի 1-ից ունենալու ենք մեկ ուղևորության համար նոր ուղետոմս՝ 150 դրամ արժեքով։ Գինը կպահպանվի մինչև 2026-ի հունվարի մեկը, հասարակական տրանսպորտի սակագների փաթեթների օրակարգով հրավիրված Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ Ներկայացնելով նախագիծը, փոխքաղաքապետն ասաց, որ 2025 թ. հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ն արդեն իսկ ձեռք բերված 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսերը ստանալու են հավելյալ 30 օր օգտագործման ժամկետ:
«Սա նախ՝ ենթադրում է քաղաքացիների կողմից լրացուցիչ փաթեթների ձեռքբերման լրացուցիչ մոտիվացիա, որը հենց միասնական տոմսային համակարգի բուն նպատակն է, և զուտ ֆինանսական առումով, առնվազն այս զեղչի ժամանակաշրջանում, չնայած ես համոզված եմ, որ դրանից հետո էլ ենթադրելու է ավելի մատչելի ուղևորափոխադրում երևանցիների համար, քան մեկ ուղևորության համար 150 դրամի վճարումը»։
Անհրաժեշտ է ճիշտ հաշվարկներ կատարել ու ճիշտ փաթեթներից օգտվել, և մեկ ուղևորությունն ավելի մատչելի կդառնա ուղևորի համար, վստահեցնում է փոխքաղաքապետը։ Անսահմանափակ ուղևորություններով փաթեթները ձեռք բերելիս ուղևորը հնարավորություն կունենա մի կետից մյուսը հասնելու համար ոչ թե սպասել մեկ շարժակազմի, այլ մի քանիսը փոխելով, հասնել ցանկացած վայրը։ Այսպիսով՝ ամեն ուղևորության համար վճարելու անհրաժեշտություն չի լինի այլևս։

«Իսկ ո՞վ ասեց, որ մեկ ուղևորության համար վճարումը այսօր չի զսպում քաղաքացուն լրացուցիչ ուղևորություններ անելուց։ Ո՞վ է բացառում, որ ունենալով արդեն անսահմանափակ ուղևորությունների հնարավորություն, հենց այդ նույն քաղաքացու ուղևորությունների քանակը, որի մասին դուք խոսում եք, որը միգուցե այսօր, իրոք, այդ ուղևորությունների քանակը կատարում է, չի շատանալու, չի սկսելու ինքը ավելի ուղևորություններ անել։ Այսինքն, մենք անընդհատ ասում ենք մի հատ կոնստանտիվ թիվ, որը փոփոխման ենթակա չէ։ Մարդն ամսական օգտվում է այսքան, կարող է ավելի շատ օգտվել, որովհետև ամեն ուղևորության համար է վճարում, իսկ անսահմանափակի դեպքում ավելի շատ է սկսելու օգտվել։ Ես համոզված եմ, որ այդպիսի դեպքեր մենք նույնպես ունենալու ենք»։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հարցմամբ էր փորձել ճշտել քաղաքապետարանի՝ տրանսպորտի վերաբերյալ սակագնի հաշվարկները։ Կառույցի ներկայացրած հաշվարկ–հիմնավորման մեջ, ինչպես նշում է ավագանու անդամ Գրիգոր Իսկանդարյանը, նշված է 2025 թվականի հունվարի 1-ից շահագործվող ավտոբուսների տարեկան ծախսը։ «Ժոնգտոնգ», ՄԱՆ, «ԳԱԶԵԼ-սիթի» ավտոբուսների համար մեկ ամսվա ծախսը նույն թիվն է ներկայացված՝ 1 մլն 825 հազար 32 դրամ. Ավագանու անդամը հետաքրքրվում էր․
«Ինչո՞ւ է երեք ավտոբուսների համար նախատեսված ամսական միջին ծախսը նույն թիվը, ինչո՞ւ են թվերը ուռճացված և ինչո՞ւ են, օրինակ, երկու միլիարդ տարբերություն տալիս նույն ժամանակահատվածում տրված կանխատեսվող ծախսերը։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն․
«Ձեր նպատակը ոչ թե թվերը հասկանալն է, այլ ամեն գնով ֆիքսելն է, որ մենք ինչ-որ բան սխալ ենք հաշվել: Բնականաբար, նման նախաձեռնություն չեղավ, որ նստենք, իրար հետ հասկանանք, ո՞ր ծախսը ի՞նչ տրամաբանությամբ է հաշվարկված, առաջարկս մնում է բաց: 17 միլիարդը ակնկալվող հավաքագրումն է, 2 միլիարդը ակնկալվող սուբսիդիան է: Դա էլ ձեզ 17-ի և 19-ի տարբերությունը: Եթե դուք երկու թիվ եք տեսել և գտնում եք, որ մեկն ու մեկը սխալ է գրված, ի՞նչ գիտեք, որ 19 է մեծ թիվը գրված, որ ուռճացված է, կարո՞ղ է մի տեղ պակաս է ներկայացված»:

«Մայր Հայաստան» խմբակցության մյուս անդամ Արշակ Սարգսյանը ցույց տվեց քաղաքապետարանի ներկայացրած հիմնավորումների փաստաթուղթն ու ասաց, որ քաղաքային իշխանություններն իրականում մանիպուլացնում են մեկ ավտոբուսի շահագործման համար ներկայացրած ծախսերը՝ մատուցելով բարձր ծախսեր, ցածր ուղևորահոսքեր և դրանից բխող բարձր ինքնարժեք։
«Մեկ ավտոբուսի համար մեկ ամսվա ֆինանսական միջոցների արժեքի գծով ծախսը հաշվարկված է բարձր տոկոսադրույքով, որն էլ բարձրացնում է ինքնարժեքը և ներկայացվել է արհեստական բարձր ինքնարժեք»,-ասաց ավագանու ընդդիմադիր անդամը»։
Մինչ ընդդիմադիր անդամների ու իշխանության ներկայացուցիչների միջև ուղևորատոմսի արժեքի ճշտումներ էին կատարվում, քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ շատ չոգևորվելու մասին կոչը դարձավ քաշքշուկի առիթ։
«Հանգստացե՛ք, հանգստացե՛ք մի հատ, հլը։ Չոգևորվե՛ք։ Ոստիկանություն կանչեք։ Խուլիգանությունն այս դահլիճում արգելված է։ Քուչի մակարդակի բազարներն այս դահլիճից դուրս կտանեք։ Սառույցի կարիք ունեք, գնացեք դուրս, մի հատ հանգստացեք»։
15 րոպե ընդմիջումից հետո նիստը շարունակվեց արդեն առանց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի։ Երկար քննարկումներից ու անհամաձայնություններից հետո սահմանվեց մեկ ուղևորության արժեքը՝ 150 դրամ սակագինը։