Ուկրաինայի եւ Վրաստանի հետ համաձայնագրերով ավելի շատ պաշտպանական աջակցություն է նախատեսվել, քան Հայաստանի հետ համաձայնագրով. ամերիկացի գնդապետը Aravot.am-ի հետ զրուցել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում նկատել է տվել Արտաքին քաղաքականության հետազոտման ինստիտուտի փորձագետ, ամերիկացի գնդապետ Ռոբերտ Հեմիլթոնը:
«Դրա (համաձայնագրի – Ա.Ա.) հիմնական օգտակարությունը կայանում է երկկողմ հարաբերություններում Միացյալ Նահանգների աճող հետաքրքրվածության հավաստմամբ, որը հավանական է կվերածվի Հայաստանին ֆինանսական ավելի մեծ աջակցությամբ, այդ թվում՝ անվտանգային բնագավռում», – մեկնաբանում է Ռոբերտ Հեմիլթոնը:
Ըստ նախկին զինվորականի՝ «Համաձայնագիրը ամերիկյան եւ հայկական զինված ուժերի միջեւ համատեղ աշխատանքների զարգացման, ինչպես նաեւ Հայաստանի սահմանային անվտանգության, ռազմական վերապատրաստումների կենտրոնների եւ կիբերանվտանգության ոլորտներում ընդլայնված համագործակցության եւ աջակցության հնարավորություններ կստեղծի»:
Ուկրաինան եւ Վրաստանը ՆԱՏՕ-ի թեկնածուներ էին, Հայաստանը՝ ոչ
Aravot.am-ի դիտարկմանը, որ համաձայնագրին ավելի քննադատաբար մոտեցող քաղաքական գործիչներ եւ փորձագետներ փաստում են, որ ամերիկյան կողմը Ուկրաինայի եւ Վրաստանի հետ 2008-ին եւ 2009-ին նույնանման համաձայնագրերում ավելի մեծ հանձնառություններ է որդեգրել, գնդապետը պատասխանեց. «Տրամաբանական է, որ Ուկրաինայի եւ Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրերը ավելի համապարփակ էին: Այս համաձայնագրերով ավելի շատ պաշտպանական աջակցություն է նախատեսվել, քան Հայաստանի հետ համաձայնագրով:
Այդ համաձայնագրերի ստորագրման ժամանակ Ուկրաինան եւ Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու թեկնածուներ էին: Ուկրաինան դեռեւս թեկնածու է: Ներկա իշխանությամբ Վրաստանը, գոնե դե ֆակտո առումով, թեկնածու չէ:
Քանի որ երկու երկրներն էլ ՆԱՏՕ-ի անդամ-թեկնածուներ էին, Միացյալ Նահանգներն ավելի մեծ հետաքրքրվածություն ուներ նրանց տարածքային պաշտպանական կարողությունների զարգացմամբ, որպեսզի նրանք անվտանգային բեռ չդառնային ՆԱՏՕ-ի համար, երբ կմիանային դաշինքին», – բացատրում է Հեմիլթոնը:
«Բայդենի վարչակազմը համաձայնագրի հարցում, վստահաբար, Թրամփի վարչակազմի հաստատումը կամ աջակցությունը ստանալ չի ակնկալել»
Հետաքրքրվեցինք նաեւ՝ արդարացվա՞ծ է տեսակետը, որ փաստաթղթի բովանդակությունը համաձայնեցվել է ԱՄՆ նոր՝ Թրամփ-Վենս վարչակազմի հետ՝ հաշվի առնելով, որ այն ստորագրվել է Բայդեն-Հարիս վարչակազմի կառավարման վերջին օրերին:
Գնդապետի խոսքով. «Մշուշոտ է մնում հարցը, թե Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը որքանով է համաձայնեցվել Բայդենի եւ Թրամփի վարչակազմերի միջեւ:
Անկասկած, Թրամփի վարչակազմը տեղյակ է եղել, որ համաձայնագիր է մշակվում, եւ հավանական է, որ երկու վարչակազմերի ցածրադիր հատվածների միջեւ քննարկումներ ընթացել են իշխանության փոխանցման փուլում:
Սակայն Բայդենի վարչակազմը համաձայնագրի հարցում, վստահաբար, Թրամփի վարչակազմի հաստատումը կամ աջակցությունը ստանալ չի ակնկալել: Համաձայնագիրը մշակվում էր Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունից շատ ավելի վաղ», – եզրափակում է Արտաքին քաղաքականության հետազոտման ինստիտուտի փորձագետ Հեմիլթոնը:
Համատեքստ
Հիշեցնենք. 2025 թվականի հունվարի 14-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ պետքարտուղարությունում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղար Էնթոնի Բլինքնենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հանձնաժողովի մասին կանոնադրությունը:
Միջոցառման ժամանակ նախարար Միրզոյանը հայտարարել էր. «Մենք ցանկանում ենք շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ մեր Ռազմավարական գործընկերության կանոնադրության մեջ նշված հավակնոտ նպատակներն իրագործելու ուղղությամբ»:
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
