Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել ընդունելու ԱՄՆ-ի առաջարկը՝ 30-օրյա զինադադար, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը:
«Ուկրաինան հայտնել է իր պատրաստակամությունն ընդունելու ԱՄՆ-ի առաջարկը՝ անհապաղ ժամանակավոր, 30-օրյա զինադադար մտցնելու մասին, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ և պայմանով, որ նույն քայլին կգնա նաև Ռուսաստանի Դաշնությունը»,- բանակցություններից հետո գրել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 11-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում բանակցություններ էին մեկնարկել Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև։
Այս բանակցությունները հաջորդում են Զելենսկի-Թրամփ հայտնի միջդեպին:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը թեժ լեզվակռիվ էր տեղի ունեցել Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Զելենսկու միջև, ինչի հետևանքով Ուկրաինայի ղեկավարը վաղաժամ լքել էր Սպիտակ տունը՝ առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու:
Լրագրողների ներկայությամբ զրույցի ընթացքում Թրամփը Զելենսկիին մատնանշել էր վերջինիս անհարգալից վերաբերմունքն ԱՄՆ-ի նկատմամբ, մեղադրել անշնորհակալ լինելու համար, իսկ փոխնախագահ Վենսը ասել էր, թե Զելենսկին մոռացել է շնորհակալություն հայտնել Վաշինգտոնին՝Կիևին ցուցաբերած աջակցության համար:
ԱՄՆ նախագահը Զելենսկուն մեղադրել էր «երրորդ համաշխարհային պատերազմի հետ խաղաղու, ԱՄՆ-ի օգնությունը չգնահատելու և հրադադար չցանկանալու համար»։
Ավելի ուշ Թրամփը հայտնել էր, որ «Զելենսկին պատրաստ չէ խաղաղության»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
284 դիտում