Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք սպասում ենք Չինաստանի առաջնորդին։ Նախագահ Սի Ծինփինը առանձին այց կունենա։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այցին և պատրաստվում ենք դրան», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մայիսին Ռուսաստանի գլխավոր հյուրը կլինի, և նրա այցը, ինչպես սպասվում է, իրադարձություններով լի կլինի և կապված կլինի ոչ միայն Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության հետ։

Բացի դրանից, Չինաստանի առաջնորդը, իր հերթին, Վլադիմիր Պուտինին հրավիրել է սեպտեմբերի սկզբին նախատեսված միլիտարիստական Ճապոնիայի պարտության տարեդարձի առթիվ կազմակերպվող տոնակատարություններին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստվում է այդ այցին։

Leave a Comment