Ճամբարակի Տիգրան Մեծի փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած գազի պայթյունի կապակցությամբ Ներքին գործերի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները համատեղ իրականացնում են իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ։

Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից՝ նշելով, որ միջգերատեչական մակարդակով, մարզային և համայնքային իշխանությունների ներգրավմամբ, աշխատանքներ են տարվում տարբեր, այդ թվում՝ շենքի բնակիչների կարիքների գնահատման, անհրաժեշտ դեղորայքի, սննդի, կարիքն առաջանալու դեպքում կացարանով ապահովելու, պատահարի հետևանքների չեզոքացման և այլ առաջնային ուղղություններով։

Տեղում որոնողափրկարարական աշխատանքները, որոնց ներգրավված են շուրջ 230 փրկարարական ծառայողներ և ոստիկաններ, ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։
Որոնողափրկարարական միջոցառումները ինտենսիվորեն շարունակվում են։
Առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտնել է, որ Ճամբարակում առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 11 տուժած:
Ինչպես հայտնել ենք, կա 3 զոհ, որոնք կանայք են: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը եղել է գազի հետևանքով:
Կան բնակիչներ, որոնց հետ կապ հաստատել չի հաջողվում, նրանք որոնվում են:
Ըստ նախնական տվյալների՝ Տիգրան Մեծ փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն փլուզումով. այն եղել է շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում. փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
67 դիտում