Իրանի դեմ Իսրայելի սանձազերծած պատերազմական գործողության դադարեցումից հետո թեման հայ հանրության շրջանում զգալիորեն մարել է, ինչը, թերևս, հասկանալի է, առավել ևս, որ Հայաստանի ներքին կյանքում ավելի մեծ թափով է բորբոքվել Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) բարձրաստիճան հոգևորականության դեմ քաղաքական իշխանության գործողությունը:
Բայց Իրանի դեմ 12-օրյա պատերազմը, ոչ միայն իր բուն ընթացքի ժամանակահատվածում, այլ նաև դրա դադարեցումից հետո Հայաստանի համար ունի անմիջական և հույժ կարևոր դիտարկումների կարիք, ընդ որում, ոչ միայն զուտ ռազմա-քաղաքական ասպեկտի տեսանկյունից:
21-րդ դարում ցանկացած պատերազմ, մեծ կամ փոքր ռազմագործողություն՝ առաջին հերթին տնտեսություն է: Իրանի դեմ պատերազմը դրա առավել քան ընդգծված վկայություն էր: Այն ցույց տվեց, որ չնայած ավելի քան չորս տասնամյակ խիստ միջազգային պատժամիջոցների հանգամանքին, Իրանն այդուհանդերձ կարողացել է կառուցել հնարավորինս ինքնաբավ արդյունաբերական և գիտատար ներուժով տնտեսություն: Դա էլ դարձնել ռազմաարդյունաբերական, պաշտպանական համակարգի հիմք:
Դա թույլ տվեց Իրանին պահել հարվածը, չքանդվել՝ որպես ռազմական ու տնտեսական օրգանիզմ, և միևնույն ժամանակ ցույց տալ տնտեսական ռեսուրսներով իրեն բազմակի գերազանցող Իսրայելին ու դաշնակից ԱՄՆ-ին, որ պատերազմի երկարաձգումը կարող է մաշող էֆեկտ ունենալ ոչ միայն Իրանի, այլ նաև իրենց համար:
Ըստ փորձագիտական տարբեր գնահատականների, Իրանի դեմ պատերազմն Իսրայելին արժենում էր օրական մոտ 700-800 միլիոն դոլարից մինչև 1,2 միլիարդ դոլար: Այդ ծախսը ներառում էր հարվածային ուժի և պաշտպանական ուժի համախառն ծավալը: Իսրայելը այդ հնարավորությունը զգալիորեն ապահովել է, իհարկե, ԱՄՆ օժանդակության շնորհիվ:
Բայց արտաքին որևէ օժանդակություն չի կարող բերել համակարգային կարողունակության, եթե չուղեկցվի էֆեկտիվ տնտեսական քաղաքականությամբ:
Հայաստանում, օրինակ, տնտեսությունը և պետական բյուջեն օրական հարյուրավոր միլիոն դրամների վնաս էին կրում երկրի խոշորագույն, ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տասնօրյա պարապուրդի հետևանքով: Պարապուրդ, որի պատճառն «անհասկանալի» ծագման գործադուլային սաբոտաժն էր, որի ակտիվ նախաձեռնողները հետագայում հայտնվեցին երկրի վարչապետի «իրական Հայաստան» բանախոսության առաջին շարքերում:
Սա ցուցիչ է, բայց ցավալիորեն Հայաստանի ներդրումային գրավչությանն ու վստահելիությանը հարվածող ցուցիչ: Իսկ մեր երկիրը չի կարող համապարփակ պաշտպանունակության հասնել, առանց տնտեսության ներուժի ամրապնդման համար կարևոր արտաքին ներդրումներ ներգրավելու: Իսկ դրանք չեն գա, եթե, օրինակ, մեկ այլ խոշոր ձեռնարկության՝ Էլցանցերի (ՀԷՑ) սեփականության իրավունքը քաղաքական իշխանությունը բաց տեքստով կասկածի տակ է դնում ընդամենը քաղաքական նպատակահարմարության բերումով:
Մինչդեռ, Հայաստանի համար անվտանգային անմիջական և հիբրիդային մարտահրավերներ ստեղծող անմիջական սուբյեկտներն իրենց տնտեսական կարողությամբ ու միտումներով զգալիորեն գերազանցում են Հայաստանին: Ընդ որում, դատելով միտումներից, այդ տարբերությունը դրսևորում է ավելի մեծանալու, քան նվազելու միտում: Որովհետև Ադրբեջանում, օրինակ, աճում են արտաքին ներդրումները, խոշոր ներդրումային նախագծերը, Հայաստանում՝ նվազում:
Իսկ 21-րդ դարում, երբ պետությունն ունակ չէ կազմակերպել պատերազմելու պոտենցիալ կարողություն ունեցող տնտեսություն, խիստ կասկածելի է դառնում պատերազմից խուսափելու և միաժամանակ սեփական շահը պաշտպանող դիվանագիտություն վարելու կարողությունը:
Արդյունաբերական և գիտատար գործնական ուժ ունեցող տնտեսությունն է պատերազմ զսպող առանցքային գործոններից մեկը: Այդպիսի տնտեսություն չունենալու դեպքում, պատերազմ թույլ չտալու միակ ճանապարհը մնում է պետական շահերի շրջանակի անընդհատ սեղմումը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ