Պատիժը մեղմ է, բայց կարեւոր ազդանշան է, որ Ադրբեջանի գործով առաջին դատավճիռը կայացվել է. «Ազգ»

Գերմանական ԶԼՄ-ները հուլիսի 30-ին ժամը 9.30-ին սպասում էին Մյունխենի երկրամասային բարձրագույն դատարանի «Ադրբեջանից կաշառառության գործով» առաջին վճռի հրապարակմանը՝ Բունդեսթագի նախկին պատգամավոր, քրիստոնեա-սոցիալական միության անդամ Էդուարդ Լինթները դատապարտվեց 9 ամսվա պայմանական ազատազրկման: Դատարանի վճռով Լինթները պարտավոր է նաեւ 10,000 եվրո տուգանք վճարել: Մեղադրող կողմը պահանջել է տասնմեկ ամսվա պայմանական ազատազրկում, պաշտպանող կողմը պահանջել է արդարացում: 80-ամյա տղամարդը հունվարից ի վեր դատավարության ընթացքում մշտապես հերքել էր ԵԽԽՎ պաշտոնյաներին կաշառելու մեղադրանքը, փոխարենը կրկնել էր, թե հանցանք չի գործել, Ադրբեջանի օգտին «լոբբիինգ» է արել: Մյունխենի դատարանն այլ կարծիք ուներ, բայց հաշվի առնելով, որ Լինթները չի հրաժարվել, պարզաբանումներ է ներկայացրել, գործի շրջանակներում նրա համագործակցությունը ճանաչեց որպես մեղմացնող հանգամանք, մեկնաբանում է գերմանական NDR-ը:

Մյուս կողմից, Բունդեսթագի քրիստոնյա դեմոկրատական միության անդամ Կարին Շթրենցի գործով (որ մահացել է 2021 թվականին) դատավորը հաստատեց կոռուպցիայի մեղադրանքը՝ դատավճիռը հրապարակելիս: Քաղաքական գործիչը չի կարող հետմահու դատապարտվել, ուստի նրա ամուսինը պետք է ստացած կաշառքը վճարի գերմանական իշխանություններին: Դատարանը նշեց , որ Շթրենցի գործը ընտրակաշառքի դասական դեպք է: «Շտրենցը թույլ տվեց, որ իրեն գնեն», նշել է դատավորը, ըստ NDR-ի:

«Մյունխենի դատարանը կասկած չունի, որ Շթրենցը ստացել է առնվազն 111,000 եվրո կաշառք՝ սկզբում Էդուարդ Լինթներից՝ իր «Line M Trade» ընկերության միջոցով, իսկ ավելի ուշ՝ անմիջապես Ադրբեջանի ներկայացուցիչներից: Պաշտոնապես վճարումները հայտարարագրվել են որպես խորհրդատվական պայմանագրերի համար վճարներ: Լինթներն Ադրբեջանից ստացել է ընդհանուր առմամբ 4 միլիոն եվրո եւ բաշխել այն քաղաքական գործիչներին», ծանուցում է գերմանական վերոնշյալ աղբյուրը՝ այլ մանրամասներ շարադրելով, որ տեղի սղության պատճառով ստիպված ենք համառոտել:

Երկրամասային բարձրագույն դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է ներկայացվել դաշնային դատարան: Սակայն դա չի ենթադրում փաստերի վերանայում, այլ պարզապես որոշման մեջ առկա հնարավոր իրավական սխալների ուսումնասիրություն կարող է լինել, նշում է NDR-ը: Այլ լրատվամիջոցներ այս հանգամանքը չեն էլ նշում:

Բունդեսթագի նախկին պատգամավոր քրիստոնյա դեմոկրատական միության անդամ Ակսել Ֆիշերի դեմ հարուցված վարույթն առանձնացվել է: Ֆիշերը մեղադրվում է (նաեւ) Ադրբեջանից ֆինանսավորում ստանալու մեջ, մինչ հիմա չի ընդունել իրեն ներկայացվածը, մի քանի անգամ հիվանդության պատճառով չի ներկայացել դատական նիստին: Նրա դեմ դատավարությունը նախատեսվում է վերսկսել աշնանը: Եթե այն չավարտվի, մինչեւ 2026 թվականի վերջը, վաղեմության ժամկետը կլրանա: Ինչպես առցանց «Ցայթն» է փոխանցում, Լինթներին փոխկապակցված մյուս երկու անձանց դեմ վարույթը ժամանակավորապես կասեցվել է՝ տուգանքների վճարման պահից հետո:

Մեղմ պատիժ, որ նախադեպ է ստեղծում

Գերմանական ԶԼՄ-ներն ընդգծում են, որ սա այս սկանդալի իրավաբանորեն առաջին պարտադիր դատավճիռն է: Դատավարության արդյունքների եւ այդ ժամանակվանից ի վեր ներդրված խստացված հակակոռուպցիոն կանոնների լույսի ներքո դատավճիռը կարեւոր նախադեպ է ստեղծում:

Դատավճիռը հստակ ազդանշան է քաղաքական ոլորտում կոռուպցիոն գործողությունների դեմ, չնայած նշանակված պատիժը համարվում է համեմատաբար մեղմ՝ հաշվի առնելով հանցագործության պահին գործող իրավական իրավիճակը: Կոռուպցիայի եւ լոբբիինգի կանոնների փորձագետ Աուրել Էշմանն ընդգծում է. «Կարեւոր ազդանշան է, որ Ադրբեջանի գործով առաջին դատավճիռը կայացվել է: Հաշվի առնելով հանցագործության ծանրակշիռ բնույթը, պատիժը մեղմ է, ինչը պայմանավորված է հանցագործության պահին իրավական անբավարար իրավիճակով»: Սակայն սկանդալից հետո իրականացվել են համապարփակ բարեփոխումներ, որոնք այժմ զգալիորեն հեշտացնում են խորհրդարանական կոռուպցիայի նման դեպքերի հետապնդումը: Օրինակ, ընտրված պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի սահմանումը զգալիորեն ընդլայնվել է, քաղաքական գործիչներին ուղղակի ֆինանսական նվիրատվություններն այժմ հստակորեն արգելված են, իսկ թափանցիկության պահանջները զգալիորեն խստացվել են:

Լրատվամիջոցները շեշտում են, որ Ադրբեջանի դեպքը վառ օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է քաղաքական ազդեցություն գործադրել եվրոպական հաստատություններում գաղտնի վճարումների միջոցով: Դատարանի որոշումը առաջին քայլն է դեպի ավելի մեծ իրավական որոշակիություն եւ քաղաքական թափանցիկություն, բայց միեւնույն ժամանակ ընդգծում է ավելի հեռահար իրավական միջոցառումների անհրաժեշտությունը:

15 տարի անց «ադրբեջանական գործով» առաջին դատավճիռը Եվրոպայի խորհրդում եւ Բունդեսթագում կոռուպցիոն սկանդալի բացահայտման գործում կարեւոր դեր խաղացած Ֆրանկ Շվաբեի համար «ցնցող եւ խրախուսական է»:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment