Մի քանի ամիս առանց ԿԽՄԿ այցերի․ հայ գերիներից ստացվող մտահոգությունները ԵԽԽՎ-ում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Ադրբեջանի կառավարության որոշմամբ, փաստացիորեն երեք ամիս է, ինչ դադարեցրել է գործունեությունը Ադրբեջանում։ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ-ում խոսել է հայ գերիների վիճակի մասին, նշել, որ մտահոգիչ տեղեկություններ են ստացվում նրանց մասին։ Ադրբեջանում պահվող հայ գերիներին արդեն մի քանի ամիս չեն այցելում ԿԽՄԿ–ն կամ միջազգային որևէ այլ կառույց ու կազմակերպություն։

«Յուրաքանչյուր խաղաղություն սին է, քանի դեռ կան գերիներ»,-ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստին հայտարարել է հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանը։ Նա ԵԽԽՎ պատվիրակներին ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակը․

«Մտահոգիչ հաղորդումներ են ստացվում այն մասին, որ Բաքվում պահվող հայ գերիները ծանր հոգեվիճակում են և նույնիսկ ինքնասպան են փորձում լինել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի այցելությունների ընդհատումից հետո՝ մարդասիրական գործողություն, որն այժմ դադարեցված է։ Գրեթե երկու ամիս է՝ գերիները լիակատար մեկուսացման մեջ են, և ոչ մի անկախ միջազգային կազմակերպություն նրանց չի այցելել։ Նրանց կալանքի, առողջական կամ հոգեբանական վիճակի մասին տեղեկություններ չկան»։

Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի անդամներին տեղեկացրել է նաև, որ վերջին անգամ Կարմիր խաչի ներկայացուցիչները հայ գերիներին այցելել են այս տարվա հունիսին։ Իսկ հիմա արդեն Կարմիր խաչի գործունեությունը Բաքվում լիովին դադարեցված է Ադրբեջանի իշխանությունների պահանջով։

ՄԻԵԴ-ում հայ գերիների իրավունքների պաշտպան Սիրանուշ Սահակյանը նախօրեին՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցի ժամանակ, ահազանգել էր այս հարցով։ ԿԽՄԿ Արդրբեջանի գրասենյակը դե յուրե փակվել է օրերս, բայց արդեն 3 ամիս Բաքվում պահվող հայ գերիներին մարդասիրական ոչ մի օգնություն չի տրամադրվել և Կարմիր խաչի որևէ ներկայացուցիչ նրանց չի այցելել։ Սահակյանը վերջին շաբաթներին բազմաթիվ ահազանգեր է ստանում գերիների ընտանիքներից։ Նրանք բարձրաձայնում են անելանելի վիճակում գտնվող հայ գերիների խնդիրների մասին, պատմում, որ Ադրբեջանը ոչ միայն պատշաճ բժշկական օգնություն չի տրամադրում հայ գերիներին, այլև հոգեբանական ծանր միջավայր է ստեղծել, ինչի հետևանքով հայ գերիները դիմում եմ հացադուլի կամ ինքնավնասման։

«Ընդհանրական ձևով նշեմ, որ hայերը ունեն առողջական լուրջ խնդիրներ, պատշաճ բուժօգնությունը չի կազմակերպվում, և կա նաև համակցված հոգեբանական ծանր դրություն, որը տարբեր քայլերի է մղում՝ ինքնավնասումից հացադուլներ կամ այլ բնույթի գործողություններ, օրինակ՝ լիարժեք մեկուսացում նաև ընտանիքների հետ խոսելու պատրաստակամության դադարում և այլն, և այլն»:

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում, երբ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ Ադրբեջանի հետ, ելք կարող է լինել, օրինակ, որևէ երրորդ, չեզոք երկրի օգնությանը դիմելը՝ Բաքվում պահվող հայ գերիներին այցելելու մեխանիզմներ գտնելու համար։

«Մենք լավագույն թեկնածու ենք դիտարկում Շվեյցարիան, Սկանդինավյան երկրները, նաև այն երկրները, որոնք այլ կոնֆլիկտներում համանման պատասխանատվություն ստանձնել են։ Մեխանիզմի գործարկման համար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դիմի այս պետություններից որևէ մեկին»։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ կա նման պրակտիկա, սակայն դրա համար պայմանավորվածություն է պետք․

«Պայմանավորվածություն պետք է լինի, որը պետք է ամրագրվի փաստաթղթով, ու դա արդեն պետք է ի վերջո դառնա իրավական փաստաթուղթ։ Ադրբեջանի և Հայաստանի միջև չկա այդպիսի պայմանավորվածություն, բայց տեսեք, մենք, ասենք, Թուրքիայի քաղաքացիներին սպասարկում ենք իրավական առումներով Վրաստանում Թուրքիայի դեսպանատան միջոցով, այսինքն՝ Թուրքիայի դեսպանատունը Վրաստանում կարող է կապի մեջ մտնել Հայաստանի մարմինների հետ և կազմակերպել արտահանձնումը, ինչպես տեղի ունեցավ մոտ մի կես տարի առաջ․ օդանավը եկավ, երկու հոգու վերցրեց տարավ։ Այդ գործընթացին մասնակցեցին Հայաստանի գործադիր և դատական իշխանության մարմինները, բայց նաև կար կապ Թուրքիայի հետ, և այդ կապը պահպանվում է ըստ պայմանավորվածության՝ Վրաստանում Թուրքիայի դեսպանատան միջոցով։ Դիվանագիտական հարաբերություններ չկան Հայաստանի և Թուրքիայի միջև, բայց բազմաթիվ հարաբերություններով արտահանձնման, այդ թվում՝ սահմանամերձ տարածքներում, իրենք շփվում են, հարաբերվում են իրար հետ»։

Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրին և պարզաբանել, որ գերիների ազատ արձակման հարցում առաջընթաց չի արձանագրվել։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանավոր խոսքում հատուկ առանձնացրեց հայ գերիների վերադարձի հարցը։

«Դուք 23 քրիստոնյաների մասին եք խոսում։ Ես խնդրելու եմ նրան, որ դա անի։ Կարծում եմ՝ նրանք կանեն դա ինձ համար: Սա կարևոր է, այնպե՞ս չէ»։

Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնց մեջ է նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Դիմելով ԵԽԽՎ-ին՝ Արմեն Գևորգյանն ասել է՝ ժամանակն է, որ կազմակերպությունը պահանջի ոչ միայն Կարմիր խաչի և չեզոք երրորդ կողմի հյուպատոսական կամ մարդասիրական կազմակերպությունների անհապաղ և անարգել մուտքը Բաքվում գտնվող հայ գերիների մոտ, այլև նրանց բոլորի ազատարձակումը։ Միաժամանակ պատգամավորը շեշտել է, որ կառույցը պետք է քայլեր անի այս չարաշահումներում ներգրավված Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ հասցեական պատժամիջոցներ կիրառելու համար և աջակցի միջազգային հետաքննություններին։

Leave a Comment