Ավելի խստորեն պատժել ցեղասպանությունը հերքողներին․ ընդդիմության՝ արդեն մերժված նախագիծը կրքեր է բորբոքել Աժ-ում

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է որոշակիացնել Քրեական օրենսգրքում ցեղասպանությանը վերաբերող դրույթները, օրինակ՝ ամրագրել «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը «Ցեղասպանություն» բառի փոխարեն, խստացնել երևույթը հրապարակայնորեն հերքելու կամ դրա վտանգավորությունը նվաստացնելու համար նախատեսված պատժաչափերը: Նախագիծն ԱԺ լիագումար նիստերի դահլիճ հասնելուց առաջ ստացել է կառավարության, ապա ԱԺ գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությունները։ Հեղինակը «Հայաստան» խմբակցությունն է։

Նախագիծը ներկայացնող Արծվիկ Մինասյանը պնդում է՝ հակառակ բացասական եզրակացություններին՝ նախագծի հիմքում թվեր ու փաստեր են․  

«Նախագծի հիմքում այն վիճակագրությունն է, որ այս հոդվածով երբևէ քրեական վարույթ չի նախաձեռնվել, թեև բազմաթիվ են եղել դեպքերը, երբ Հայոց ցեղասպանության հերքման, արդարացման, մեղմման ուղղությամբ հայտարարություններ են հնչել։ 2-րդ կարևոր պատճառն այն է, որ ներկա պայմաններում  իրավական կարգավորումները չափազանց կարևոր են։ Որպեսզի որևէ արարք ճշգրիտ բնութագրվի, շատ կարևոր է, որ կարողանանք թե Հայոց ցեղասպանությունը, թե Հայաստանի Հանրապետության կողմից պաշտոնապես ճանաչված ցեղասպանությունները և թե նաև միջազգայնորեն ճանաչված ցեղասպանություններն արդարացնողների կամ  բացասական ազդեցությունը նվազեցնելու հրապարակային հայտարարություններ կատարողների նկատմամբ իրականացնենք քրեական հետապնդում»։

Մինասյանը վկայակոչում է Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը և պնդում, որ պետք է որոշակիացվեն այն իրավիճակները, երբ ցեղասպանության հերքումը կառաջացնի քրեական պատասխանատվություն։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Մարիա Կարապեյանը նախագծի հեղինակին հարցնում է․

« -Այս տարի ապրիլին Գևորգ Աջապահյանն ասել է հետևյալը «Ցեղասպանությունը ձեր պատճառով է»։ Արդյո՞ք ձեր առաջարկով այսպիսի արտահայտությունը պետք է քրեական հետաքրքրության առարկա դառնա։

-Ակնհայտորեն՝ այո։»

Իրավական գնահատականի պետք է արժանանա ոչ միայն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի արտահայտությունը, այլև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ամիսներ առաջ արած հայտարարությունը, ըստ որի՝ դեռ պետք է պարզել, թե ինչ է տեղի ունեցել հայ ժողովրդի հետ 1915 թ․՝ ասում է Արծվիկ Մինասյանը։ Ընդդիմության կարծիքով՝ վարչապետն այդ ձևակերպմամբ փորձել է կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը։ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը այսպես է ձևակերպում նախագծի անհրաժեշտությունը․

Regular session of the RA National Assembly took place in Yerevan, Armenia

«Սիրելի հայրենակիցներ, հիմա կարող է հարց ծագել․ լավ, այս «նեղ մաջալին», ինչու ենք անում սա, որովհետև աչքը տեսածից է վախենում։ Այն,  ինչ֊ չէինք կարող պատկերացնել մի քանի տարի առաջ, որ ապրիլքսանչորսյան ուղերձում կամ դրանից առաջ տարբեր համաժողովներում, այն կասկածի որդը, թե ինչու եղավ Հայոց ցեղասպանություն, այսօր չոքել է մեր դռանը»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հակադարձում է՝ վարչապետի ելույթը ոչ թե Ցեղասպանությունը ժխտելու կամ կասկածի տակ դնելու մասին էր, այլ «ինքնահայեցման»։

«Վարչապետն իր հայտնի ելույթում ասել է, որ մենք պետք է ունենանք ինքնահայեցում, որ պիտի նայենք անցյալին և հասկանանք` ինչ է տեղի ունեցել մեզ հետ, և դրա նպատակը պիտի լինի այն, որ մենք ապագայում չկրկնենք այն սխալները, որոնք  մեզ բերել են աղետալի հանգրվանի»։ 

Կոնջորյանն ասում է, որ Հայոց ցեղասպանության և դրան նախորդած ու հաջորդած իրադարձությունները քննելու թեման արդիական է եղել նաև նախորդ դարում, և մեջբերում է Հովհաննես Քաջազնունու «Դաշնակցությունն այլևս անելիք չունի» հոդվածից մի հատված, որտեղ վերջինս առաջարկում է փաստերով հասկանալ՝ «ինչպես հայ ժողովուրդը հասավ այդ աղետալի հանգրվանին»․

«Ի՞նչ է ասում Քաջազնունին, ասում է` հասկանանք, թե  ոնց է այդ աղետը տեղի ունեցել, որ հետո հանկարծ նույն աղետը մեզ հետ չպատահի։ Նա այս ինքնահայեցումն անում է մի գրքում, որը կոչվում է «Դաշնակցությունն այլևս անելիք չունի», և ես, ավարտելով իմ ելույթը, ուզում եմ ասել, որ այո, 100 տարի անց կրկին Դաշնակցությունը այլևս անելիք չունի»։

«Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանն ի պատասխան հայտարարում է՝ եթե նախագիծը չընդունվի, Հայաստանում երբևէ որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվի Ցեղասպանության ժխտման կամ նսեմացման համար․

«136-րդ հոդվածը ասում է` ցեղասպանության ուրացումը քրեականացվում է, եթե դա կատարվել է ռասսայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով։ Ավելի պարզ հայերենով բացատրեմ, եթե էս նպատակը չկա, ցեղասպանության ժխտումը քրեականացված չէ»։

Արդադարադատության փոխնախարար Տիգրան Դադունցն էլ նշում է, որ նախագիծը հակասում է նաև միջազգային իրավական հարթակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններին։

«Առաջարկվում է քրեականացնել առանց կոնկրետ նպատակի բանավոր խոսքը` միտված ցեղասպանությունը կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հերքելուն, նսեմացնելուն, մեղմացնելուն և այլն։ Դրանք անմիջականորեն հարաբերակցվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի հետ, այսինքն` արտահայտվելու ազատության իրավունքի հետ և այս համատեքստում, մեր կարծիքով, քրեական պատասխանատվության սպառնալիքով պետք է արգելված լինեն միայն այն արարքները, որոնք իրական հանրային վտանգավորություն ունեն»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը կարծում է, որ նախագիծը ընդդիմության հերթական փորձն է ժամավաճառությամբ զբաղվելու․

«Ըստ էության՝ ընդդիմությունը հերթական կեղծ օրակարգն է բերել և փորձում է գեներացնել, որովհետև, ըստ էության, ընդդիմությունը, որը ոչնչացած է, մասնավորապես օգոստոսի 8-ին կնքված շրջադարձային փաստաթղթերից հետո, անընդհատ  թեմաներ է փնտրում իր քաղաքական գոյությունը մինչև այս գումարման վերջ պահպանելու համար, և սա այդ դեպքերից մեկն է»։

«Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն ամփոփում է՝ քանի դեռ Ադրբեջանի նախագահը գործածում է «Զանգեզուր միջանցք» բառակապակցությունը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ ամբիոնից հայտարարում է, որ Երևանն ու Բաքուն Վաշինգտնում այլ խոսույթի մասին են պայմանավորվել, ընդդիմության անհանգստությունը տեղին է։

Leave a Comment