Ի սկզբանե նշանակվել է մեղավոր և փորձել ապացույցները հարմարեցնել մեղադրանքին, հայտարարել է Մերձավանի սպանությունների գործով կալանավորված Նարեկ Օհանյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Նա անդրադարձել է դեպքի մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի խոսքերին։ Պողոսյանը նշել էր, որ Օհանյանը հրաժարվում է ցուցմունք տալ։
Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը չի հրաժարվել ցուցմունքներ տալուց, այլ մանրամասն ցուցմունքներ տալով հերքել է դեպքին իր մասնակցությունը, հիմնավորել իր այլուրեքությունը։
«Օհանյանի շարժը արձանագրվել է նրանց տան տեսախցիկներով, որոնք մինչ այս պահը չեն առգրավվել։ Ինչու՞, որովհետև դա անհապաղ կհերքեր այն վարկածը, որ նա առնչություն ունի դեպքին»,- շեշտել է նա։
Սեպտեմբերի 24-ի գիշերը ՆԳՆ-ն հայտնել էր Մերձավանում Փարաքարի (Արմավիրի մարզ) համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության, ինչպես նաև քաղաքացի Արծրուն Գալստյանի վիրավորվելու մասին։ ՔԿ-ն դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել: Երկու անձ կալանավորվել է: Նրանցից մեկը Օհանյանն է՝ փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը և Փարաքարի նախկին համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին։
2024-ի փետրվարին Օհանյանի եղբոր սպանության պատճառ դարձած կրակոցները հնչել էին Ախտոյանի տան մոտ։ Սպանության վարույթով տնային կալանքի տակ էր Փարաքարի սպանված համայնքապետի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը։
