Ամենասարսափելին գիտե՞ք որն է. Աթանեսյանն անդրադարձել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերին

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերին, որոնք վկայում են՝ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը  համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ՝ Մեղրին Ղարաբաղի դիմաց։

«Որ Հեյդար Ալիեւը Մեղրին եւ ոչ ամբողջական Լեռնային Ղարաբաղը փոխանակելու առաջարկություն է արել, եւ այն քննարկվել, սկզբունքային համաձայնության է արժանացել թե Երեւանում, թե Ստեփանակերտում, գիտեր մի քանի տասնյակ, գուցե ավելի մարդ:

«Ազատություն» ռադիոկայանի հաղորդումը կարող է ցնցել հանրությանը, երիտասարդ քաղաքական գործիչներին, փորձագետներին, վերլուծաբաններին եւ լրագրողներին:

Բայց ամենասարսափելին գիտե՞ք որն է:

Որ այդ «փոխանակումը համաձայնեցնելուց» մեկ-մեկուկես ամիս անց Երեւանում հոկտեմբերի 27 է եղել, դեկտեմբերին Ստեփանակերտում  ԼՂՀ ՊԲ-ն լուծարվել է, իսկ 2000 թ. մարտի 22-ին՝ տեղի ունեցել Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձը: (Սա կատարվածի արձանագրում է, ոչ թե՝ իրավական գնահատական. ամեն դեպքում նրա ծառայողական ավտոմեքենան գնդակոծվել է, վարորդը, թիկնապահը եւ ինքը՝ ստացել հրազենային վիրավորում)»,- գրել է Աթանեսյանը:

«Ազատություն» ռադիոկայանը հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերը, որոնք վկայում են՝ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ՝ Մեղրին Ղարաբաղի դիմաց։ Ամերիկյան գաղտնի հեռագրերը բացահայտում են մանրամասներ, որոնք մինչ այս երբեք չեն հրապարակվել։

Source link

Leave a Comment