«Մեղրիի հարցը»․ 1990-ականների և այսօրվա բանակցությունների բացահայտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս տարվա առաջին ասուլիսը տևել է 4.5 ժամ, որի ընթացքում նա անդրադարձել է բազմաթիվ հարցերի՝ անվտանգային խնդիրներից, Ադրբեջանի հետ բանակցություններից մինչև խոհանոց։

Նախօրեին նա հանդիպել է Վրաստանի իր գործընկերոջ հետ, անդրադարձել նաև հայ–վրացական սահմանի սահմանազատման հարցերին։ Արդյո՞ք այս աշխատանքներում տարածքային վեճեր չկան հարցին Փաշինյանն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Վրաստանի դեպքում հղում է արել Ալմա Աթայի 1991 թվականի Հռչակագրին։ Այսինքն՝ Վրաստանի հետ սահմանազատման աշխատանքներում նույնպես տարածքային ամբողջականությունն ընկալվում է ԽՍՀՄ տարիներին հաստատված տարածքներով։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլևս բանավեճի չի հրավիրում Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ նախագահներին։ Այդ շրջանակով ԼՂ բանակցություններին առնչվող բանավեճի թեման Փաշինյանը փակված է համարում ԱՄՆ Պետքարտուղարության կողմից որոշ փաստաթղթերի գաղտնազերծումից հետո։ Իսկ փաստաթղթերն առնչվում են բանակցությունների այն հատվածին, երբ քննարկվել է Մեղրին Ղարաբաղով փոխանակելու տարբերակը։

«Իմ թեզը ո՞րն է․ եթե դուք ասում եք՝ ասողները, որ իրենք Ղարաբաղը չեն ճանաչել Ադրբեջանի կազմում, բա ինչո՞ւ եք Հայաստանի ինքնիշխան տարածքի մասը տալիս Ադրբեջանին, որ Ղարաբաղը վերցնեք։ Մեջբերում դիվանագիտական փաստաթղթից․ ասում է՝ «փոխպետքարտուղար Թալբոտն արձագանքել է՝ Մեղրին Ղարաբաղով փոխանակելու տարբերակը կարող է շեղել հակամարտող կողմերին ՄԽ առաջարկներից և ոչ թե լուծել, այլ է՛լ ավելի խճճել խնդիրը։ Աշխարհի տարբեր անկյուններում փորձը ցույց է տալիս, որ սահմանների փոփոխությունը նման է «Պանդորայի արկղ» բացելուն։ Ղարաբաղի դեպքում այն լավագույն դեպքում փակուղի կմտցնի հարցը, վատագույն դեպքում՝ կհանգեցնի բռնությունների»։ Ես չգիտեմ դուք այս մեջբերումը ո՞նց լսեցիք, բայց այս մեջբերումը այն մասին է, որ 99 թվականին ԵԱՀԿ ՄԽ համանախագահողն ասում է, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի առանց սահմանների փոփոխության։ Այն, ինչի մասին ես ասում էի»։  

Վարչապետ Փաշինյանն այս փուլում զերծ է մնում կարծիք հայտնելուց, թե արդյո՞ք այս բանակցությունները կարող են կապված լինել 1999-ի «հոկտեմբերի 27»-ի իրադարձությունների հետ՝ հաշվի առնելով, որ այդ գործի քննությունը դեռ շարունակվում է։

Այսպես ասած «Մեղրիի հարցը» այսօր էլ բանակցային թեմա է հաղորդակցության ուղիների ապաշրջափակման քննարկումներում։ Հայաստանը պատրաստ է լուծումների, կոնկրետ առաջարկ է արել Ադրբեջանին։ Այս դեպքում Նիկոլ Փաշինյանն ուշադրություն չի դարձնում, թե ինչ ձևակերպումներով է խոսում Ադրբեջանը։ Մշտապես օգտագործվող «Զանգեզուրի միջանցք» ադրբեջանական խոսույթին Հայաստանը պատասխանում է «Խաղաղության խաչմերուկ» հայկական ծրագրով․  

«Մենք դեմ չենք անխոչընդոտ հաղորդակցությանը։ Բայց անխոչընդոտ, չի նշանակում ՀՀ իրավազորության շրջանցումով։ Մենք «Խաղաղության խաչմերուկի» բրոշյուրի մեջ էլ գրել ենք։ Մենք ուզում ենք, որ անցումը շատ լինի, որովհետև դա շահութաբեր է նաև ՀՀ համար։ Եվ դա տարածաշրջանային խաղաղության և կայունության կարևոր գործոն է։ Փաստորեն, այդ անցումն ընդունելի չէ» Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով։ Մենք ասում ենք այն նույն պայմանները, ինչ որ ԻԻՀ-ն է առաջարկում, նույն պայմաններով՝ մենք պատրաստ ենք։ Ավելին՝ մենք պատրաստ ենք նաև որոշակի պարզեցումների։ Պատկերացնո՞ւմ եք, լուծում ենք գտել, որ երկուսիս առաջադրած խնդիրներն էլ լուծվում են։ Հիմա իրենք դրան ի՞նչ անուն են տալիս, մենք դրան ինչ անուն ենք տալիս։ Սա էլ առանձին թեմա է, որովհետև ինչ լուծում էլ լինի՝ իրենք իրենց ձևով են անվանելու, մենք մեր ձևով ենք անվանելու, սա էլ կա։ Բայց հարցի բովանդակությունն է կարևոր»։  

Փաշինյանը լավ չի պատկերացնում, թե ինչ հիմնավորմամբ կարող է Ադրբեջանը մերժել հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հայկական առաջարկները։ Նա որոշ բացահայտումներ է անում առաջարկից, որը հայկական կողմից է ուղղվել։  

«Առաջարկում ենք, որ Ադրբեջանի արևմտյան շրջաններից լինի երկաթուղային բեռնատար հաղորդակցություն Նախջևանի Ինքնավար Հանրապետություն։ Հայաստանը Ադրբեջանի տարածքով միջազգային առևտրի համար և Ադրբեջանը Հայաստանի տարածքով միջազգային առևտրի կամ բեռնափոխադրումների համար։ Հաշվի առնելով նաև մթնոլորտը, հարաբերությունների լարվածությունը, այս փուլում որոշ ժամանակ մենք սկսենք բեռնափոխադրումները, հետո երբ մթնոլորտն ավելի համապատասխան կլինի, կմտածեք նաև ուղևորափոխադրումների մասին։ Ինչո՞ւ Մեղրիով, որովհետև մյուս երկաթուղին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա Տավուշի մարզում Հաղարծինի հատվածում սողանքի բերումով այնպիսի մեծ ավերածություններ են, որ այդտեղ երկաթուղին վերականգնելը մեծ ներդրումների հետ է կապված և շատ բարդ խնդիր է։ Ես հույս ունեմ, որ կոմունիկացիաներն այն աստիճան կակտիվանան, այնպիսի եկամտաբերություն կապահովեն, որ այդ ներդրումը իմաստ կունենա»։  

Ադրբեջանի հետ այժմ ԼՂ հարցով բանակցությունների փոխարեն, Հայաստանը քննարկում է Խաղաղության պայմանագիրը, ապաշրջափակման և ենթակառուցվածքների ու սահմանազատման հարցերը։ Այս բանակցություններում կան Հայաստանի համար ընդունելի և անընդունելի կետեր։

Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու կետերով Հայաստանն այժմ Ադրբեջան ուղարկված կոնկրետ առաջարկների պատասխանի է սպասում։ Այս առումով նորություն դեռ չկա։ Օր, ժամ և տեղ հայտնի չէ նաև սահմանազատման աշխատանքների մասով։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի համար որոշ վերապահումներով ընդունելի են Ադրբեջանի առաջարկները թե՛ ԵԱՀԿ ՄԽ լուծարելու, թե՛ միջազգային իրավական ատյաններից հայցերը հետ կանչելու և թե՛ համատեղ սահմանին երրորդ կողմ հանդիսացող ուժերի ներկայությունից հրաժարվելու առաջարկները։

Մինչև վերջնական համաձայնություն տալը, սակայն, Հայաստանին անհրաժեշտ է փարատել ունեցած մտահոգությունները։ Ըստ Փաշինյանի՝ մի շարք հարցեր ինքնաբերաբար կլուծվեն, եթե ստորագրվի Խաղաղության համաձայնագիրը։ Կոնկրետ ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման վերջնական համաձայնությունը տալուց առաջ Հայաստանը նախ պետք է համոզվի․

«Համաձայն ենք հետևյալ հիմնավորմամբ, որ եթե չկա կոնֆլիկտ, կոնֆլիկտի սպասարկմամբ զբաղվող ֆորմատի իմաստը ո՞րն է։ Բայց մենք ուզում ենք համոզվել, որ ՄԽ համանախագահության լուծարումը Ադրբեջանի համար էլ է այս նույն բանը նշանակում և ոչ թե՝ Ադրբեջանի մղումն այն է, որ հիմա ՄԽ համանախագահությունը լուծարենք և նոր կոնֆլիկտ սկսենք Հայաստանի տարածքների նկատմամբ տարածքային պահանջներ ձևավորելու հիմքով։ Իսկ կա՞ հիմք մտածելու, որ կարող է Ադրբեջանը նման մտադրություններ ունենալ։ Նման հիմքեր կան, և այդ հիմքերից ամենակարևորը հենց «Արևմտյան Ադրբեջան» խոսույթն է։ Դա Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ուղիղ ոտնձգություն է։ Այդ խոսույթն օգտագործող ցանկացած մարդ չի ճանաչում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը առնվազն 60%-ով»։

Փաշինյանն ասում է, որ միջազգային իրավական ատյաններում հայցերից հրաժարվելու հարցում ևս Հայաստանն ունի մտավախություններ, որոնք պետք է փարատվեն մինչև վերջնական համաձայնությունը․

«Մենք պետք է համոզվենք, որ ոչ միայն միջազգային ատյաններից ենք որևէ բան հետ կանչում, այլև այդ վեճերից հրաժարվում ենք ընդհանրապես։ Հակառակ դեպքում կարող է ստացվել իրավիճակ, որ մենք ինչ-որ մի հարց հետ քաշեցինք, Ադրբեջանն էլ հետ քաշեց իր հայցերը։ Այսինքն՝ մենք պայմանավորվեցինք, որ դա չենք տանում միջազգային ատյաններ, բայց հաջորդ փուլում Ադրբեջանը երկկողմ հարաբերություններում այդ հարցերը դնի սեղանին և դրա շուրջ կարող են լինել էսկալացիաներ։ Իսկ այդ պարագայում արդեն մենք մեր ճանապարհը փակած կլինենք այդ էսկալացիայի ռիսկը կառավարելու, միջազգային հարթակներն օգտագործելու համար։ Հետևաբար, եթե մենք այդ վեճերից հրաժարվում ենք ընդհանրապես և էլի հումանիտար նուրբ հարցեր կան՝ դա կարող է մեզ համար ընդունելի լինել և մենք այս ուղղությամբ աշխատում ենք»։

Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանի համար անընդունելի կետերը վերաբերում են Սահմանադրությանը և սպառազինությանը։ Վարչապետ Փաշինյանը չի մտնում «Հայաստանին մատակարարված սպառազինությունը հետ վերադարձնելու» Ալիևի պահանջների խոսույթին այո կամ ոչ պատասխանելու տիրույթ։ Նա կրկին հղում է անում պաշտպանվելու միջազգային իրավունքին և Հայաստանի մեկ այլ առաջարկին՝ ստեղծել սպառազինության փոխադարձ համատեղ հսկողության մեխանիզմ։  

Source link

Leave a Comment