[ad_1]
Բագրատաշեն գյուղը հիմնադրվել է 1936 թվականին: Բնակավայրն ունեցել է մի քանի անուններ: Մինչև 1960-ական թվականներն այն կոչվել է Լամբալու, հետո դարձել՝ Դեբեդաշեն: Բագրատաշեն է վերանվանվել 1972 թվականի փետրվարի 23-ին:
Բագրատաշեն բնակավայրը գտնվում է Նոյեմբերյան քաղաքից հյուսիս-արևմուտք, Դեբեդ գետի աջ ափին, Հայաստանի և Վրաստանի սահմանագլխին։ Համարվում է Հայաստանի ամենահյուսիսային, ամենացածրադիր և ամենատաք բնակավայրերից մեկը։ Բագրատաշենի բնակիչները տարբեր բնակավայրերից են այստեղ եկել ու մշտական բնակություն հաստատել:
Բնակավայրը 75 տնտեսություն ունի՝ 3000 բնակչով: Այստեղ մարդիկ զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ, մշակում են ձիթապտուղ, դեղձ, թուզ, արքայանարինջ և այլն: 1990-ական թվականներին Բագրատաշենը առևտրի կենտրոն էր: Հայաստանի տարբեր բակավայրերից այստեղ էին գալիս՝ գնումներ անելու, վերավաճառելու ու անգամ աշխատելու համար: Տեղացիները ներկայիս պայմաններից չեն դժգոհում, բայց անցյալի եռուզեռն էլ երանությամբ են հիշում:
«Թուրք, հայ, վրացի, ռուս: Ինչ ազգ ասես կար, բաց ոչ մեկ, ոչ մեկի չէր նեղացնում»,-ասում է Բագրատաշենի բնակիչ Լազր Սաֆարյանը:

Գյուղը Բագրատաշեն է վերանվանվել ի հիշատակ իր հիմնադրի՝ Բագրատ Վարդանյանի:

«Բագրատ Վարդանյանն այստեղ է եկել 1949 թվականի նոյեմբերի 19-ին: Ես Բագրատի հետ աշխատել եմ 55 թվից: Բագրատը, որ եկել է, այստեղ հայ չի եղել»,-ասում է Պանդուխտ Գևորգյանը:

Պանդուխտ Գևորգյանը երկար տարիներ եղել է Բագրատ Վարդանյանի վարորդը: Ասում է՝ նա է գյուղը հայերով բնակեցրել և նրա շնորհիվ է, որ Բագրատաշենում մարդիկ այգիներ են հիմնել, անապատ դարձած հողերը դրախտի վերածել: