Թրամփը խմբագրում է նաև Google Maps-ը․ նավարկություններ «Ամերիկայի ծոց»-ում ու լեռ՝ ԱՄՆ 25-րդ նախագահի պատվին

Ստորագրած առաջին հրամաններից մեկով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ներքին գործերի նախարարին հանձնարարել է 30 օրվա ընթացքում անվանափոխել Մեքսիկական ծոցն ու Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռը՝ Դենալին։ Google-ի ներկայացուցիչները հայտնել են, որ պատրաստ են փոխել տեղանունները քարտեզներում, բայց միայն պաշտոնական անվանափոխությունից հետո։

Այս նյութը կարդալուն զուգահեռ կարող եք որևէ տեղանուն ավելացնել Google Maps-ում կամ փոխել արդեն գոյություն ունեցող անունը։ Օրինակ, եթե քարտեզում գտնեք Երևանի կենտրոնական փողոցներից Ալեք Մանուկյանը, ապա բացված վահանակում սեղմեք «առաջարկել խմբագրում» կոճակը և հիմնավորեք նոր անունը, օրինակ նշեք, որ փողոցը վերանվանվել է, Կալիֆորնիայից Google-ի աշխատակիցներն ի գիտություն կընդունեն ձեր առաջարկը, իսկ եթե ձեզ հետ այս գործողությունն անի ևս մի քանի տասնյակ օգտատեր, նոր անվան շանսերն ավելի մեծ կլինեն։

Google Maps-ը սկզբում արբանյակային նկարների բազա էր, հետո ավելացան աշխարհագրատեղեկատվական GPS տվյալները։ Տեղեկատվական համակարգը թեև 100 տոկոսանոց ճշգրտություն չունի, բայց մյուս վեբքարտեզների համեմատությամբ համարվում է ամենահավաստին։ 

Մեքսիկական ծոցում նավարկողները շուտով ծանուցում կստանան, որ արդեն լողում են «Ամերիկայի ծոց»-ում։ ԱՄՆ-ի վերընտրված նախագահը մեկ լեռ ու մեկ ծոց է վերանվանել, իր խոսքով, հանուն Ամերիկայի։ Հունվարի 20-ին՝ երդմնակալության ժամանակ, Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ վերադարձնում է Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռն ու ի պատիվ Միացյալ Նահանգների 25-րդ նախագահ Ուիլյամ Մաք Քինլիի, վերանվանում Մաք-Քինլի։ Մեքսիկական ծոցը վերանվանելու անհրաժեշտությունը հիմնավորելու համար փաստաթղթում նշվում է, որ այն ամենամեծն է աշխարհում և շարունակում է առանցքային դեր խաղալ ԱՄՆ-ի տնտեսական կյանքում։

Իր հրամանում Թրամփը շեշտում է, որ նոր անվանման միջոցով հարգում է այս կարևոր տնտեսական ռեսուրսը և դրա կարևորությունը Միացյալ Նահանգների տնտեսության համար: Google-ի ներկայացուցիչները X-ում գրեցին՝ պատրաստ են փոխելու տեղանունները, երբ դրանք պաշտոնապես կներառվեն պետական աղբյուրներում․

«Երբ դա տեղի ունենա, մենք արագ կթարմացնենք Google Քարտեզները ԱՄՆ-ում՝ ներառելով ՄաքՔինլի լեռը և Ամերիկայի ծոցը»։

New York Times-ը փոխանցում է, որ նախ կվերանվանվի ծովածոցը, միաժամանակ հայտնում, որ Մեքսիկայի օգտատերերը քարտեզների վրա կտեսնեն ծովածոցի նախկին, այսինքն՝ իրենց երկրում ընդունված անվանումը․

«Երբ տարբեր երկրներում պաշտոնական անունները տարբերվում են, Google Maps-ի օգտատերերը տեսնում են տեղական պաշտոնական անվանումը: Աշխարհի մյուս բոլոր օգտատերերը տեսնում են երկու անուններն էլ»։

Մեքսիկայի նախագահը հունվարի սկզբին Դոնալդ Թրամփի առաջին հայտարարություններից հետո առաջարկեց Հյուսիսային Ամերիկան ​​վերանվանել «Մեքսիկական Ամերիկա», քանի որ այդպես էր կոչվում մինչև  1814 թվականի այն հիմնադիր փաստաթուղթը, որով ընդունվեց Մեքսիկայի Սահմանադրությունը։ Այս առաջարկը սակայն ոչ Թրամփը, ոչ էլ Google-ը չընդունեցին։

Google քարտեզներն առաջին անգամ չեն խմբագրվում քաղաքական, ռազմական կամ այլ պատճառներով։ 2014 թվականին օրինակ, Ղրիմի՝ Ռուսաստանին բռնակցվելուց վեց շաբաթ անց, Google Maps-ը Ղրիմն իբրև Ռուսաստանի տարածք ցուցադրեց Ռուսաստանի Դաշնության օգտատերերի համար, միևնույն ժամանակ, ուկրաինացի օգտատերերի համար թերակղզին շարունակում էր ցուցադրվել որպես Ուկրաինայի տարածք։ Այլ երկրների օգտատերերին սահմանը ցույց տալու համար օգտագործվել է կետավոր մոխրագույն գիծ, ինչը նշանակում է ժամանակավոր կամ վիճելի սահմաններ։

Սրան հակառակ՝ ուկրաինական Խերսոնի, Դոնեցկի և Լուգանսկի շրջանները, թեև անցել են ռուսական ԶՈՒ-երի տիրապետության տակ, դեռևս ցուցադրվում են իբրև Ուկրաինայի մաս նաև Ռուսաստանում գտնվող օգտատերերի համար: Google-ը մի դեպքում հիմնվում է բացառապես պաշտոնական տվյալների, մյուս դեպքում «ընդառաջում» երկրագնդի մյուս ծայրում գտնվող օգտատիրոջն ու արագ փոխում տեղանունները, բայց նաև պատրաստակամություն հայտնում՝ «հնարավոր սխալների դեպքում արագ ուղղել դրանք»։

Source link

Leave a Comment