Օրեր առաջ առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Դեկտեմբերի 20-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մարզերից մեկի ոստիկանության բաժիններից մեկում հայտարարություն է տալիս նույն մարզի բնակիչ մի կին, ով հայտնում է, որ իր 15-ամյա աղջիկը իր 13-ամյա ընկերուհու հետ, ովքեր սովորում են մարզի դպրոցներից մեկում, տանից դուրս են եկել դպրոց գնալու և նրանց գտնվելու վայրի մասին այլևս տեղեկություններ չունեն։
Նույն օրը նշված բաժնում որոնողական աշխատանքներ են իրականացվում, որպեսզի հայտնաբերեն երեխաներին։
Համայնքային ոստիկանության նշված բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստանում , որ այդ աղջիկների հետ են եղել 2 տղա՝ Հարութ և Գարեգին անուններով, որոնք Երևանում են բնակվում։
Արդեն դեկտեմբերի 21-ին Երևանի քրեական և Կենտրոնի համայնքային ոստիկանները երեխաներին հայտնաբերել են Կողբացի փողոցի շենքերից մեկում։
Հայտնաբերել են նաև Երևանի բնակիչ 19-ամյա Հարություն Ք․-ին և Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Գարեգին Ա․-ին։ Վերջիններս քրեական ոստիկանների կողմից ձերբակալվել և տեղափոխվել են Երևանի քրեական վարչություն։
Արդեն ոստիկանությունում երեխաներից մեկի մայրը հայտնել է, որ այդ անձինք Կողբացի փողոցի իրենց կողմից վարձակալված բնակարանում սեռական հարաբերություն են ունեցել երեխաներից մեկի հետ։
Կասկածյալներ Հարություն Ք․-ին և Գարեգին Ա․-ին ոստիկանությունից ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժին։
Կայքի տեղեկություններով օրեր անց աղջիկներից մեծահասակը մահացել է։
Նախաքննության շահերից ելնելով այս պահին առեղծվածային ու ողբերգական այդ դեպքի վերաբերյալ որոշ հանգամանքներ չենք հայտնում։