Հայաստանի կառավարությունը 2025 թվականին համար նախատեսել է հավաքել 2 տրլն 873 մլրդ դրամի հարկեր, տուրքեր և այլ եկամուտներ, ծախսել 3 տրլն 482 մլրդ դրամ, և քանի որ պետական բյուջեի ծախսերը գերազանցում են եկամուտները, բյուջեում առաջանալու է դեֆիցիտ՝ 609 մլրդ դրամի չափով։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Անանյանը, խոսելով 2025 թվականի բյուջեի մասին, այն համարեց անտրամաբանական՝ ընդգծելով՝ տնտեսական ցուցանիշներն այնպիսին են, որ այդպիսի բյուջե չպետք է կազմվեր։
«Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմում է 25%, ՀՆԱ-ն՝ 11.2 տրիլիոն. այս թվերը ցույց են տալիս, որ ունենալու ենք պետական բյուջեի եկամուտների թերակատարում՝ մոտավորապես 170 միլիարդով։ Նման ցուցանիշներով բյուջե ընդունելը, այն էլ՝ նախընտրական տարում, ունի քարոզչական նշանակություն, հետևապես՝ 2025 թվականի բյուջեն հաստատվել է ոչ թե տնտեսական ցուցանիշներից, այլ՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»,- ասաց Անանյանը։
Ինչ վերաբերում է 2025 թվականի հունվարից ուժի մեջ մտնող հարկային նոր փոփոխություններին՝ դրույքաչափերի բարձրացմանն ու ծառայությունների թանկացմանը, ապա, ըստ Դավիթ Անանյանի, իշխանությունը դրան զուգահեռ՝ ընդունել է նաև այնպիսի պոպուլյար որոշումներ, որոնք գալու են այդ թանկացումները ծածկելու. օրինակ՝ բյուջեի հաշվին 210.000 քաղաքացու վարկ մարելու մասին որոշում է ընդունել։
Հարցին՝ արդյո՞ք այդ որոշումը պետական բյուջեի հաշվին կաշառք տալու մասին չէ, Անանյանն արձագանքեց.
«Այո՛. տնտեսական առումով դա նոնսենս է. տեսեք՝ պետական բյուջեում եկամտահարկի վերադարձի համար նախատեսված է 85 միլիարդ դրամ, եթե այս 85 միլիարդին գումարում ենք նաև 35 միլիարդ դրամ, որը նախատեսվելու է այդ վարկերի մարման համար, նշանակում է՝ պետությունը 120 միլիարդ դրամ հատկացնում է շինարարությանը, որն աջակցության կարիք չունի, և քաղաքացիների վարկերի մարմանը, իսկ ահա Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացմանը պետական բյուջեից հատկացնում է ընդամենը 5.7 միլիարդ դրամ։ Տնտեսական խելամտություն բացարձակ գոյություն չունի»,- ասաց Անանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։