Տարեվերջին՝ դեկտեմբերի 17-ին, հայտնի դարձավ, որ Ադրբեջանի դատախազներն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր ու հսկայածավալ փաթեթ են առաջադրել: Այդ մասին հաղորդել էր նրա պաշտպանական թիմը: Այդ մեղադրանքներով Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկման հեռանկարը։
Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացված նոր մեղադրանքներն առնչվում են Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 20 տարբեր հոդվածների հատկանիշներին։ Շինծու ապացույցները ներկայացված են 100 հատորով, ընդհանուր ծավալը կազմում է մոտ 25 հազար էջ, ամբողջը՝ ադրբեջաներեն:
Պաշտպանները նշել են, որ ենթադրյալ «ապացույցներն» ամբողջությամբ թաքցվել են թե Ռուբեն Վարդանյանից, թե հանրությունից՝ այն պատճառաբանությամբ, թե այդ մեղադրանքներն առնչվում են «Ադրբեջանի ազգային անվտանգությանը»:
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է արել ժողովրդավար աշխարհին՝ ցույց տալ, որ նման աղաղակող խախտումներն այլևս չեն կարող հանդուրժվել, և ապահովել, որ միջազգային կազմակերպություններն ու լրատվամիջոցները ներկա լինեն դատավարությանը։
«Հորս դեմ ներկայացված այս վերջին մեղադրանքներն արդարադատության ծաղր են և COP29-ի ձախողումների համար հատուցում։ Ռուբեն Վարդանյանը երեք ամիս եղել է Լեռնային Ղարաբաղի պետնախարար, որտեղ նա փորձում էր սոցիալական կենսական ծրագրերի միջոցով բարելավել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքը: Ցավոք, սրա դիմաց նա կանգնել է ցմահ ազատազրկման սպառնալիքի առջև՝ աշխարհի ամենակոռումպացված ռեժիմներից մեկի կողմից։ Նրա ձերբակալությունը և առաջադրված կեղծ մեղադրանքներն ազդանշան են ամբողջ աշխարհի հայերի համար, որ ոչ ոք ապահով չէ: Ավելի քան երկու տարի է, ինչ ընտանիքը չի կարողանում տեսնել նրան։ Մենք մտավախություն ունենք, որ հնարավոր է այլևս չկարողանանք նրան տեսնել, եթե ժողովրդավար աշխարհը միջոցներ չձեռնարկի այս անհեթեթությանը վերջ տալու համար»,- հայտարերել է Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը:
«Ռուբեն Վարդանյանին ուղղված մեղադրանքները զուրկ են հիմնավորումներից, ի սկզբանե շինծու են եղել ու վրեժխնդրության արդյունք են։ Այդ 20 հոդվածների մեջ կան արարքներ, որոնք կապված են բռնի անհետացումների, ահաբեկչության, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների հետ»,- անդրադառնալով թեմային՝ «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների, մասնավորապես՝ Ռուբեն Վարդանյանի շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:

Նրա խոսքով՝ այդ հոդվածները շինծու կերպով մեղսագրվել են միջազգային հանրության թողտվության արդյունքում, և Ադրբեջանն օգտվում է անպատժելիությունից։
«Միջազգային քրեական դատարանի վավերացման պայմաններում Ադրբեջանն իրականացրեց հանցագործություններ։ Ռուբեն Վարդանյանի շուրջ ստեղծվածը քաղաքական գործընթաց է։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը նույնպես զերծ չի մնալու նման մեղադրանքների առաջադրումից։ Այն, որ մեղադրանքները թարգմանված չեն, ու նյութերը տրվում են միայն ադրբեջաներենով, արդեն իսկ խոսում է այն մասին, որ արդար դատաքննության մասին խոսք լինել չի կարող։ Պաշտպանական կողմին ու Ռուբեն Վարդանյանին չեն տրամադրվում մեղադրանքի նյութերը՝ պատճառաբանությամբ, որ դրանք պարունակում են պետական ու ռազմական գաղտնիք։ Այստեղ միակ անելիքը միջազգային հանրությանն է, որի միջամտությամբ միայն բաց և հրապարակային դատավարության պայմաններում կարող են վեր հանվել այն բազմաթիվ խախտումները, որ կատարվում են Բաքվում մեր գերիների նկատմամբ»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Վերջինս նկատեց՝ միջազգային հանրության կողմից մենք կլսենք կոչեր, որոնք լսելի չեն լինի Ադրբեջանի համար, ապա հավելեց՝ գործ ունենք միջազգային հանրության երեսպաշտության ու երկակի ստանդարտների հետ, և Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրը պետք է լինի այնպիսի հարաբերություններ հաստատել տարբեր պետությունների հետ, որ նրանք հանձնառու լինեն մեր երկրի շահերի առաջմղման հարցում։
Ինչ վերաբերում է գերիների վերաբերյալ տեղեկություններին, Սիրանուշ Սահակյանը նշեց՝ Ռուբեն Վարդանյանի պարագայում մենք ավելի թափանցիկ պատկեր ունենք, քանի որ ընտանիքի անդամներն իրենց հասանելի տեղեկատվությունը կիսում են հանրության հետ, ինչը չես ասի մյուս պատանդների պարագայում, քանի որ զգուշանում են նրանց նկատմամբ վրեժխնդրության նոր դրսևորումներից։ Պատանդների մասին տեղեկատվության հիմնական աղբյուրը «Կարմիր խաչն» է, որը սահմանափակ տեղեկատվություն է փոխանցում ընտանիքին։ Այլ միջազգային մեխանիզմ չկա, որը կարող է կանխել անկանխատեսելի այս զարգացումները։ Անհատական գործերի շրջանակում ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է 6 ամիսը մեկ տեղեկություն տալ պահվող անձանց պայմանների հետ կապված։
«Դատարանը պահանջել է տրամադրել պահման պայմանների, առողջական հարցերի վերաբերյալ ու նաև իրավական փաստաթղթեր։ Մեզ հասած տեղեկություններով՝ Բաքվում պահվող հայ պատանդները հոգեբանական վատ վիճակում են գտնվում։ Ունեն նաև առողջական խնդիրներ։ Նրանք չեն խոսում, խուսափում են շփումներից։ Սա մենք գնահատում ենք՝ որպես տարօրինակ վարք։ Սա կա՛մ հարկադրանքի արդյունք է, կա՛մ պայմանավորված է նրանց առողջական վիճակով, և նրանք չեն խոսում՝ ընտանիքներին անհանգստություն չպատճառելու համար»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: