Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հրավերով երկարատև դադարից հետո Հայաստանում է կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը։ Նա կղեկավարի իր հեղինակած «Ռոստամ և Սոհրաբ» օպերայի առաջնախաղերը։
«Սիրելի՛ հանդիսատես, երջանիկ եմ, որ հայրենիքում եմ։ Ավելի երջանիկ եմ, քանի որ Կարեն Դուրգարյանի հրավերով եկել եմ՝ ներկա լինելու «Ռոստամ և Սոհրաբ» օպերայի բեմադրությանը՝ իմ ղեկավարության ներքո»,-օպերային թատրոնի ֆեյսբուքի պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում ասել է Լորիս Ճգնավորյանը։
Ներկայացման առաջնախաղերը տեղի կունենան մարտի 31-ին, ապրիլի 1-2-ին, իսկ մինչ այդ՝ մարտի 22-ին, օպերային թատրոնում Ճգնավորյանը կղեկավարի համերգային երեկո, որի ընթացքում հնչելու են նրա ստեղծագործությունները, ինչպես նաև մեկ ստեղծագործություն՝ նվիրված հայրենիքին։
«Սրտանց շնորհակալ եմ, որ տասնմեկ տարի շարունակ, երբ Հայաստանում էի, ինձ օգնեցիք, հովանավորեցիք, ոգեշնչեցիք, ներկա եղաք համերգներիս, և ես կարողացա ծառայել իմ հայրենիքին։ Հույս ունեմ՝ այս անգամ ևս կգաք՝ մասնակցելու «Ռոստամ և Սոհրաբ»-ի համաշխարհային պրեմիերային»,-ասել է Ճգնավորյանը։