[ad_1]
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի ավագ գիտաշխատող Հրանտ Միքայելյանը
– Պարո՛ն Միքայելյան, Թրամփ-Զելենսկի հանդիպումը բուռն քննարկումների առիթ է հանդիսացել, դուք ինչպե՞ս եք գնահատում այդ հանդիպումը, ու ի՞նչ է սպասում Ուկրաինային այս հանդիպումից հետո:
– Այս հանդիպումը մի քանի հանգամանքներով է ծանրացած եղել, որոնցից մեկը Թրամփի ցանկությունն է եղել՝ ազատվել այս հակամարտության բեռից, երկրորդը՝ Զելենսկու հարաբերությունները եվրոպական առաջնորդների հետ, որոնք ուզում են Զելենսկուն դարձնել Թրամփի հետ հակամարտության դեմք:
Այս հանգամանքները սկսել են այնպես ազդել, որ Թրամփն ինչ-որ պահից սկսեց կոպիտ արձագանքել, 45 րոպե է տևել այդ հանդիպումը մամուլի առաջ, ամեն հարցում Զելենսկին հակադարձում էր, ու վերջում սկսեցին միմյանց կոպտել, որն ինքնին բերեց բաց առճակատման: Զելենսկուն նույնիսկ ասել են, որ սա բանակցություն չէ, մենք մամուլի առաջ ենք, բայց նա շարունակել է, ինչն էլ վերջում բերել է առճակատման ու հանրային կռվի, որից հետո ԱՄՆ-ն արդեն ակնհայտ է՝ իր քաղաքականությունը կարող է փոխել:
Այն հայտարարությունը, որը եղել է երեկ, այն մասին էր, որ ԱՄՆ-ն դադարեցնելու է Ռուսաստանի դեմ ցանկացած կիբեռօպերացիաները, այսօր քննարկվում է, որ հնարավոր է՝ նաև դադարեցնի հետախուզական տվյալների տրամադրումը, կարող է դադարեցնել զենքի, զինամթերքի և պահեստամասերի տրամադրումը, կոնսուլտացիաները ու կազմակերպումը, այսպիսով՝ ԱՄՆ-ն ամբողջությամբ դուրս է գալու այս ամենից, կմասնակցի այդ ամենին, երբ խաղաղությունը կնքելու ժամանակը գա: Թրամփի վարչակազմի մոտեցումը կարծես սա է, և, հավանաբար, սրան է գալու ամեն բան:
– Իսկ Զելենսկին եվրոպական երկրներից աջակցություն ստանալո՞ւ է, թե՞ ոչ:
– Արդեն ստանում է, հենց Թրամփը եկավ, նա եվրոպական երկրներից լուրջ աջակցություն սկսեց ստանալ, եվրոպական խոշոր երկրներից ամեն մեկը սկսեց լուրջ աջակցություն տրամադրել, երեկ էլ քաղաքական հայտարարությունների մակարդակում լուրջ աջակցեցին: Իրականում, երեկվա հակամարտությանը թե՛ ամերիկյան, թե՛ եվրոպական կողմը պատրաստ էին, ու դրանից հետո սկսեցին գործել:
– Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտը մո՞տ է, պարո՛ն Միքայելյան:
– Ինձ թվում է՝ այնքան էլ մոտ չէ, որովհետև իրականում ոչ մեկը չի ուզում, որ այս պատերազմը դադարի. Ռուսաստանը չի ուզում, որովհետև շարունակում է հաղթել, ուկրաինական էլիտան չի ուզում, որովհետև զգում է, որ եթե հիմա այս պատերազմը այսպես դադարի, ապա իրենք կարող են կորցնել իշխանությունը, ինչն իրենք չեն ուզում: Եվ խոշոր հաշվով, եթե պարզ խոսենք, ապա այս պատերազմը Ուկրաինայի իշխանության տեսանկյունից վերածվել է պատերազմի՝ իշխանության պահպանման համար: Ի դեպ, զգալիորեն նմանություն կա Հայաստանում ստեղծված իրավիճակին, որը եղել է 2020 թվականին:
Այս պատերազմը հավանաբար մինչև մեկ տարի կարող է շարունակվել, բայց կարող է և ավելի շուտ ավարտվել, կարծում եմ՝ Ուկրաինան իր դիմադրողականության ռեսուրսները կկորցնի մինչև մոտավորապես այս տարվա աշնան կեսը, իսկ սա ինքնին բերելու է նրան, որ պատերազմը գնալու է դեպի ավարտ:
– Այսինքն՝ միջնորդների ջանքերով պատերազմի դադարեցումը քի՞չ հավանական եք համարում:
– Դե տեսանելի է, որ ակնհայտորեն դա տապալվել է: Ռուսաստանը խաղացել է փայլուն դիվանագիտական խաղ, այսինքն՝ թեև Ռուսաստանին պետք չէ կրակի դադարեցումը, բայց Ռուսաստանը պատրաստակամություն է ցուցաբերում դրա համար, միանշանակ կարողացել են ցույց տալ, որ Ուկրաինան ու ԵՄ-ն ցանկանում են պատերազմի շարունակություն:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am