Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում կանգնեցված «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին։
«Մարտի 1»-ի գործի ամբողջական բացահայտմամբ զբաղվելը եղել է և լինելու է այն կարևոր խնդիրներից մեկը, որն առաջադրվել է իրավապահ համակարգի ղեկավարներին՝ լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետը, նաև նշել, որ գործերը պետք է բացահայտվեն այնքանով, ինչքանով հնարավոր է բացահայտել:
«Մարտի 1»-ի գործում իրավական գնահատականի արժանացնելու հանգամանքներ կան՝ մարտիմեկյան իրադարձությունների 17-րդ տարելիցին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին ծաղիկներ խոնարհելուց հետո վարչապետը պատասխանել է լրագրողների հարցերին։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «Մարտի 1»-ի գործի ամբողջական բացահայտումը ուժային կառույցներին առաջադրված գլխավոր խնդիրներից է։
« Ըստ էության, տեսեք ի՞նչ է տեղի ունեցել։ Տեղի է ունեցել բռնի ուժով, բանակի, հանցավոր խմբավորումների ներգրավմամբ, ապօրինի զինված խմբավորումների ներգրավմամբ տեղի է ունեցել քաղաքացիական բողոքների ճնշում, և տեղի են ունեցել սպանություններ։ Այս ամեն ինչևը պետք է ինչ-որ ձևով ընթացք ստանա, իրավական գնահատական ստանա, բայց էլի եմ ասում, դա պետք է իրականացնեն իրավապահ մարմինները»։
Լրագրողները վարչապետին հիշեցրել են դեռ 2018-ին արված հայտարարությունը, ըստ որի՝ Մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով բացահայտված է։
«-Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռ պատժված չեն։
-Ինչո՞ւ, պարո՛ն վարչապետ։
-Դե ամենատարբեր պատճառներով, այդ թվում ձեզ հայտնի իրավական մի շարք որոշումներով»։


Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ քրեական գործի վարույթներով հիմնավորվել է, որ նախաքննությունը 2008 թվականի մարտի մեկից անմիջապես հետո ոչ միայն ամբողջ ծավալով չի իրականացել, որպեսզի տեղի ունեցած հանցագործությունը բացահայտվի, այլև հնարավոր բոլոր ջանքերը գործադրվել են, որ բացահայտումը դառնա անհնար։
Հակակոռուպցիոն դատարանը 2024-ին է վերսկսկել «Մարտի 1»-ի գործով նոր քննությունը։ Դրանով մեղադրանք է առաջադրվել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին: Գործը Հակակոռուպցիոն դատարան է ուղարկվել Վճռաբեկ դատարանի կողմից գործը կարճելու վերաբերյալ 2021 թվականի դատական ակտը բեկանելուց հետո:
4 նախկին բարձրաստիճան պաշտոնյաները 2018 թվականից մեղադրվում էին 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու կամ դրան օժանդակելու մեջ։ 2021 թվականին, սակայն, Սահմանադրական դատարանը որոշեց, որ այն հոդվածը, որով նրանք մեղադրվում են, հակասահմանադրական է։
2024-ից Ռոբերտ Քոչարյանն ու նրա 3 ենթակաները կրկին ամբաստանյալի աթոռին են։ Վերաբացված գործին անդրադառնալով՝ դատախազ Հայկ Հովհաննիսյանը նշել էր, որ քննությունը սկսվելու է զրոյական կետից։ Դրան հաջորդել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ «Մարտի 1»-ի գործի վերաբացման մասին 2024 թվականին խորհրդարանում տարեկան զեկույցի քննարկման ժամանակ արած հայտարարությունը։
«Ներկայացված լրացուցիչ փամփուշտներ կան, որոնք ուղարկվել են փորձաքննության։ Քաղաքացիների մոտ մինչ օրս պահպանված փամփուշտներ կան, որ ներկայացվում են, համեմատական փորձաքննության են ենթարկվում, բացի դրանից՝ գործը մասամբ գտնվում է նախաքննության փուլում, և նախաքննությունն այս մասով շարունակվում է։ Պետաիրավականում հարց հնչեց, թե արդյո՞ք վաղեմության ժամկետեր չեն կիրառվի։ Այո, կկիրառվեն նույնիսկ վերաորակման փուլում, բայց ոչ ռեաբիլիտացիոն հիմքով․ վարույթն այդ դեպքում կկարճվի, ինչն իրավական հետևանքներ է առաջացնում»։
Վերաբացված գործով Ռոբերտ Քոչարյանն ու նրա նախկին երեք ենթակաները մեղադրվում են իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հոդվածով։
17 տարի առաջ այս օրը՝ 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով 10 մարդ էր զոհվել: Նրանցից 2-ը ոստիկանության աշխատակիցներ էին: