ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին – Armenia Today

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին։

«Անցած կիրակի Գյումրի քաղաքում իմ մասնակցությամբ, այսպես ասած, միջադեպերը համարում եմ ոչ վայել ՀՀ ԱԺ պատգամավորի վարքին: ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ: Ըստ այդմ՝ բոլորիցդ հրապարակային հայցում եմ ներողություն և պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս: Դիմումը այսօր սահմանված կարգով կհանձնեմ ԱԺ աշխատակազմ»,- գրել է Գաբրիելյանը։

Նա միաժամանակ հայտնել, որ ինքնաառաջադրվում է ՔՊ կուսակցության առաջիկա վարչության ընտրություններում՝ որպես վարչության անդամի թեկնածու։

«Ինձ համար միանշանակ է, որ մեր կուսակցությունն ունի լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք: Ինչպես Սևակն է ասում, հանուն վաղվա ճշմարտության, թող որ լինեմ այսօր սխալ»,- հավելել է նա։

Մարտի 30-ին Գյումրիում՝ ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ, Գաբրիելյանի և լրագրողների միջև միջադեպ էր տեղի ունեցել, Գաբրիելյանը, որն անսթափ վիճակում էր, նաև սեռական բնույթի հայհոյանք էր հնչեցրել։

Leave a Comment