Ադրբեջանն ապատեղեկատվությամբ փորձում է բարձրացնել իր գինը





Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է ապատեղեկատվությունն այն մասին, թե Հայաստանի զինուժն իբր կրակում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Այդ ապատեղեկատվությանը զուգահեռ, ադրբեջանցիներն իրենք են կրակում սահմանամերձ հայկական բնակավայրերի ուղղությամբ, և մասնավորապես Սյունիքի մարզի Խնածախ գյուղի:

Հայաստանի ՊՆ-ն, որ պարբերաբար և հետևողականորեն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունները, նախօրեին տեղեկացրեց նաև Խնածախում վնասված տան մասին: Ի՞նչ է ուզում Բաքուն, ի՞նչ նպատակ է հետապնդում շարունակական ապատեղեկատվությամբ: Իհարկե, տեղեկատվական բովանդակությունը «կայուն» է, այսինքն` Ադրբեջանը չի ուժգնացնում իբրև թե հայկական կողմից հրադադարի խախտման վերաբերյալ իր մտացածին սցենարները:

Սա նշանակում է թերևս, որ Ադրբեջանն ավելի շատ իրականացնում է «տեղեկատվական հետախուզություն» կամ գուցե ճիշտ կլինի ասել՝ «ապատեղեկատվական հետախուզություն»: Միևնույն ժամանակ, պետք չէ բացառել և այն, որ բավականին խրթին աշխարհաքաղաքական պատկերի պայմաններում Ադրբեջանը փորձում է ինչ-որ իմաստով «հետագիծ» խառնել միջազգային իրարամերժ դերակատարների համար՝ հաշվի առնելով, որ նրանց ակնկալիքները Բաքվի ռեգիոնալ վարքագծից մի կողմից տարբեր են, մյուս կողմից թերևս առավել ակտիվանալու են:

Ադրբեջանը փորձում է միջազգային դերակատարներին առավելագույնս բարձր գնով վաճառել Հայաստանի հետ այսպես կոչված խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, և գինը բարձրացնելու միջոցը, անկասկած, նաև այն ապատեղեկատվական արշավն է, որ իրականացնում է Բաքուն իբրև թե հայկական կողմից հրադադարի խախտման վերաբերյալ հաղորդագրությունների տեսքով: Այդ հաղորդագրությունների բովանդակությունն առայժմ ավելի շատ թույլ է տալիս դիտարկել այդ մոտիվը, քան որևէ լուրջ էսկալացիայի նախապատրաստություն:

Ինչպես նշել եմ, այդ հարցում «չափիչ» կարող է լինել հենց բովանդակությունը: Ադրբեջանի մտադրությունների «մասշտաբի» փոփոխության մասին կհուշի թերևս ապատեղեկատվական այդ արշավի բովանդակության էական փոփոխությունը: Առայժմ այդպիսին, կարծես թե չկա, ինչը, բնականաբար, բոլորովին չի նշանակում, թե չի կարող լինել իրադրության արագ փոփոխություն՝ հաշվի առնելով ընդհանրապես միջազգային հարաբերությունների արագությունները:

Leave a Comment